Մե´նք չենք համաձայնել ՄՄ մտնել, ԱՄՆ-ի կողմից ձևավորված Հայաստանի իշխանական համակարգը տվել է այդ համաձայնությունը, քանի որ հակառակ դեպքում կգլխատվեր այդ համակարգը և կկազմաքանդվեր նոր ղեկավարության կողմից: Այս համոզմանն է հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա դիտարկմամբ` Ռուսաստանը բավականաչափ հզորություն ունի Հայաստանում, իսկ արդեն 6 ամիս է ԱՄՆ-ն Հայաստանում զբաղված է Ռուսաստան զայրացնելով:
«Թե Միացյալ Նահանգների ինչին է դա պետք, ես չեմ հասկանում: Ես հա ամերիկացիներին հարց եմ տալիս` ես լսել եմ, որ միապաղաղ է ձեր կյանքը, և ձեր արյան մեջ ադրենալինի պակաս կա, դրա համար դուք հատուկ էքստրեմալ բաներ եք ձեզ համար հորինում, որպեսզի ադրենալինի պակասը վերականգնեք: Օրինակ, դու առանց արգելակների ավտոմեքենայով Ամերիկայում իջնում եք սարերից: Հիմա կարծես, թե նոր բան եք ձեզ համար հորինել. ձմեռով փայտը վերցնեք, մտնեք արջի որջը, այնտեղ պտտեք, տեսնեք` ինչ է ստացվում: Ասում եմ` ես որևէ խնդիր չունեմ ձեզ հետ, արեք` ինչ ուզում եք: Բայց եթե կարելի է` արջի որջն ընտրեք ձեր տան շեմին, ոչ թե մեր տան շեմին»,- նշեց Մանուչարյանը:
Նրա խոսքերով, Հայաստանն իր խոսքը դեռ չի ասել, և Ռուսաստանին մենք դեռ ունենք ասելու մեր խոսքը, և մենք բարեկամական հարաբերություններ կունենք և´ Եվրոպայի, և ԱՄՆ-ի հետ, և´ Իրանի և´ Եգիպտոսի հետ:
Մանուչարյանի համոզմամբ, քանի որ հայերն աշխարհով մեկ կան, և մի տեղ մեզ դարձնել թշնամի, մեկ այլ տեղ բարեկամ, անթույլատրելի է և անմարդկային, և բացի այդ, նրա խոսքերով, ապուշություն է:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի` երեկվա արած այն հայտարարությանը, թե Հայաստանի ընդդիմությունն, ի դեմս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի վերահսկվում է Ռուսաստանի կողմից, Մանուչարյանը պատասխանեց. «Հայաստանում չստացվեց խուսափել մի բանից. կան մարդիկ, որոնք համարում են, թե հոյակապ աշխարհ է Արևմուտքը, մյուսներն էլ, թե հոյակապ է Ռուսաստանը, և այդ մարդիկ սկսեցին իրար հոշոտել, հարձակումներ իրար վրա: Սա բացարձակապես անթույլատրելի է, մանավանդ, որ երկուսն էլ կեղծում են: Կեղծիք է, որ Արևմուտքը հոյակապ է, Արևմուտքը խայտառակություն է, նույն տիպի խայտառակություն է Ռուսաստանը, մի քիչ ավելի վատ, որովհետև կապկել է Արևմուտքին, սեփական համակարգն էլ չունի: Հիմա այս խայտառակությունները վերցնել որպես նմուշ, հրամցնել Հայաստանին, ասել` մենք ինչքան երջանիկ կլինենք այս կամ այն համակարգի հետ, դա անհեթեթություն է, էտ պատերազմներն էլ լրիվ արհեստական են»,- համոզված է Մանուչարյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ կարևորն այն է, որ աշխատենք բոլոր երկրների ժողովուրդների հետ, քանի որ ժողովուրդները փնտրտուքի մեջ են, ցանակնում են հասկանալ` ինչ է կատարվում, ինչու են նրանք այսքան դժբախտ և որն է ճեղքման ճանապարհը: