Երեկ ՀՀ քաղաքացի Սուսաննա Ասատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով խնդրում է նախագահին վերջինիս բարձր աջակցության շնորհիվ վերջ դնել այն անօրինականությանը, որում հայտնվել է իր ամուսինը` Մարտին Ծերունյանը:
Վերջինս արդեն 6 ամսից ավել է` ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, և, ինչպես ասվում է նամակում, այս ամիսների ընթացքում նրա հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, և անգամ չի պատճառաբանվել Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությունը:
YerevanNews.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան հայտնեց, որ մեծ հույս ու հավատ ունի, որ նախագահին ուղղած իր նամակը կլինի վերջին դիմումը` որպես այդպիսին, և որ նախագահի աջակցությամբ վերջապես ճշմարտությունը ջրի երես դուրս կգա:
«Ես նամակ եմ ուղղել նաև ՀՀ Գլխավոր դատախազին, սակայն ի պատասխան ստացել եմ միայն ծանուցագիր, որում ասվում էր, թե նյութերը կուղարկվեն քննչական մարմիններին ուսումնասիրելու համար: Անկեղծ ասած, հենց այդ պատճառով էլ որոշեցի դիմել Նախագահին, քանի որ միակ հույսս նա է մնացել: Մինչև այսօր ես ոչ մի անգամ չեմ խոսել, ձայն չեմ հանել, պարզապես զսպվածությունից ելնելով: Ես չորս երեխա ունեմ, որոնցից երկուսն ամուսնացած են, և ինձ թույլ չէի կարող տալ անըհդհատ խոսել ու բարձրաձայնել բայց հիմա այլևս չեմ կարող չբարձրաձայնել: Բայց այլևս հնարավոր չէ լռել, արդեն գրեթե 7 ամիս է` ամուսնուս հետ կապ հաստատել չի լինում, մեզ անգամ նրա հետ տեսակցության թույլտվություն չեն տալիս, անգամ հեռախոսի միջոցով չենք կարողանում կապ հաստատել, մեր միակ օգնությունը պաշտպանն է:
Ես չեմ պատրաստվում հանձնվել, բարձրաձայնելու եմ մինչև վերջ, մինչև արդարություն չհաստատվի»,- վրդովված ասաց բանտարկյալ Ծերունյանի կինը:


