Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սահմանադրական ուղղումների կապակցությամբ իր դիրքորոշումը հայտնել 2-3 օրվա ընթացքում: Գրում է Грузия Online կայքը:
Իվանիշվիլին հայտնել է, որ Վրաստանում իշխանության հարցն արդեն լուծված է, այդ իսկ պատճառով նա Սաակաշվիլիին դիմում է ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ դիմում է, որովհետև տեսնում է նախագահի և հասարակության մեջ աճող ճեղք:
«Ձեզ վերջին առաջարկությունն եմ անում: Մոտական 2-3 օրվա ընթացքում հստակ և միանշանակ հայտարարեք արդյո՞ք հրաժարվում եք սահմանդրական դիկտատուրայից և արդյո՞ք աջակցում եք առանց խորհրդարանի համաձայնության իշխանափոխության արգելքին: Ձեր նախնական պատասխանն անհրաժեշտ է այն բանի համար, որ հետո չսկսեն խոսել, թե իբր Դուք աջակցում էիք այդ ուղղումներին»,- ասվում է վարչապետի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սահմանադրական ուղղումների հետ կապված խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև բանակցությունները փակուղի են մտել: