Ռուսական sports.ru կայքն առանձնացրել է Չեմպիոնների լիգայի 5-րդ փուլի հերոսներին, որոնց թվում հիշատակվում է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և դորտմունդյան թիմի մեկ այլ կիսապաշտպան Մարկո Ռոյսի անունը:
Անդրադառնալով Բորուսիա-Նապոլի խաղին, կայքը գրում է, որ թիմերը հիանալի խաղ են ցույց տվել: Հաղթած բորուսիացիների կազմում կարելի է առանձնացնել և Գրոսկրոյտցին և Վայդենֆելլերին և Լևանդովսկուն, իսկ հյուրերի կազմում միանշանակ պետք է առանձնացնել Ռեյնային, ով հերոսաբար պայքարում էր դորտմունդցիների գրոհների դեմ:
Սակայն Ռոյսի գոլը հույսեր արթնացրեց Բորուսիայի մեջ: Մարկոն սառնասրտորեն իրացրեց 11-մետրանոցը, իսկ մնացած ամբողջ ժամանակ ստիպում էր Նապոլիի պաշտպաններին սխալվել և գնդակներ կորցնել: Իսկ 60-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Անդրադառնալով արդեն Մխիթարյանին, կայքը գրում է.
«Պակաս վառ չէր նաև Մխիթարյանը: Հենրիխը սկսում էր Բորուսիայի գրոհները Մեսսիի ոճով` վերցնում էր գնդակը դաշտի կենտրոնից, կատարում էր արագացում ուրիշի տուգանային, որտեղ փոխանցում էր կատարում կամ անձամբ հարվածում: Հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում Ռոյսի և Լևանդովսկու հետ միասին կատարել է ամենից շատ հարվածները դարպասին` 5 հարված. Անձամբ Մխիթարյանին առանձնանալ խանգարեց Ռեյնայի հրաշք սեյվերը և դարպասաձողը: Իսկ հիանալի վարժությունները միայն հիանալի խաղ ապահովեցին»: