Դուք բոլորովին այլ կերպ էիք պատկերացնում ձեր տեսքը հղիության ժամանակ: Հնարավոր է` դուք հույս ունեիք, որ ձեր մաշկը փափուկ եւ մետաքսե կդառնա, բայց ձեզ մոտ ընդհակառակը, ուժեղ քոր է սկսվում կրծքի եւ փորի շրջանում, նաեւ գազարտադրությունն է բարձրանում: Մենք կպատմենք այն խնդիրների մասին, որոնք այնքան էլ հաճելի չեն քննարկել ընկերուհու կամ բժշկի հետ, գրում է imbalik.com-ը:

1. Գազեր եւ զկռտոց

Պատճառը: Երբ երեխան սկսում է ակտիվորեն աճել մայրիկի փորում, նա, բնականաբար, սեղմում է մոր ներքին օրգանները: Դա հանգեցնում է այն բանին, որ խախտվում է մարսողությունը, ավելի շատ գազեր են առաջանում աղիքներում, եւ զկռտոց է սկսվում: Որպեսզի նման բան տեղի չունենա, պետք է աշխատել ճաշացանկից բացառել բոլոր այն մթերքները, որոնք նման տհաճություններ են առաջացնում: Այդ մթերքներից են խնձորը, տանձը, լոբազգիները, ծաղկակաղամբը եւ այլն: Զկռտոց կարող է առաջանալ նաեւ պաղպաղակ եւ յուղոտ ուտելիք օգտագործելուց հետո:

Ինչպես հաղթահարել: Անհրաժեշտ է ուտել փոքր բաժիններով եւ հաճախակի: Խուսափեք յուղոտ ուտելիքից եւ գազավորված ըմպելիքներից, հատկապես գունավոր: Ձեզ նաեւ կօգնի ճաշից հետո ոտքով 20 րոպե զբոսնելը, եթե հակացուցումներ չկան: Դա նույնպես օգնում է լավացնել մարսողությունը եւ քչացնել գազերը: Եթե լավ ուտելուց հետո պառկում եք քնելու, ոտքերը դրեք բարձի վրա: Դա նվազեցնում է ճնշումը աղիքների վրա եւ օգնում է ավելի լավ մարսել ուտելիքը: Եթե այս բոլոր միջոցները ոչ մի արդյունքի չեն բերում, դիմեք բժշկի օգնությանը:

Երբ պետք է անհանգստանալ: Բարձր գազարտադրություն, ինչպես նաեւ զկռտոց առաջանում են բոլորի մետ: Պարզապես հղիների մոտ դրանք ավելի հաճախակի են պատահում, քան սովորաբար:

2. Մուգ գիծ պորտից ներքեւ

Պատճառը: Այդ մուգ գծի համար պատասխանատու են կանացի հորմոնները: Հղիության ժամանակ դրանք ակտիվ են աշխատում, իսկ մուգ գիծը հորմոնների աշխատանքի հետեւանքն է: Երեխային կրելու ընթացքում կտրուկ բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը, ինչի պատճառով էլ կնոջ օրգանիզմում ձեւավորվում է մելանին` նյութ, որը պիգմենտներ է առաջացնում մաշկի վրա: Այդ ամենի արդյունքում էլ առաջանում է պորտի ներքեւի մուգ գիծը: Նաեւ մգանում են պտուկները: Կարող են պիգմենտային բծեր առաջանալ դեմքի վրա: Նման փոփոխությունները սովորաբար տեղի են ունենում հղիության երկրորդ եռամսյակի ժամանակ եւ ավելի հաճախ հանդիպում են մուգ մաշկ ունեցող ապագա մայրիկների մոտ:

Ինչպես հաղթահարել: Պիգմենտային բծերը դժբախտաբար հնարավոր չէ կանխել: Կարելի է միայն ավելի քիչ դրսեւորման համար արեւապաշտպան կրեմ օգտագործել նախքան փողոց դուրս գալը: Մուգ բծերը, որպես կանոն, անհետանում են երեխայի ծնվելուց մի քանի շաբաթ անց:

3. Փորկապություն

Պատճառը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հղի կանանց մեծ մասի մոտ փորկապություն է նկատվում: Դրա պատճառը նույնպես հորմոնների ակտիվությունն է, որոնք կնոջ օրգանիզմում արտադրվում են հղիության ժամանակ: Հենց դրանց պատճառով է դանդաղում նյութափոխանակությունը: Դա անհրաժեշտ է այն պատճառով, որպեսզի օրգանիզմը հասցնի ավելի շատ սնուցող նյութեր կուտակել սննդի մեկ ընդունման ժամանակ: Այն ժամանակ, երբ երեխան սկսում է քաշ հավաքել, նա ճնշում է բոլոր ներքին օրգանները, այդ թվում` աղիքները: Իսկ դա իր հերթին դժվարեցնում է նույնիսկ ուտելիքի ոչ մեծ բաժնի ընդունումը:

Ինչպես հաղթահարել: Նախ եւ առաջ ձեր ճաշացանկը հարստացրեք մեծ քանակությամբ մրգերով եւ բանջարեղենով, ինչպես նաեւ լոբազգիներով եւ ձավարեղենով: Նաեւ պետք է մշտապես խմել սովորական ջուր, որքան շատ, այնքան լավ: Փորկապության կարող է օգնել սալորի հյութը: Իսկ եթե ոչինչ չի օգնում, բայց դուք շարունակում եք տառապել փորկապությունից, դիմեք բժշկի: Նա կարող է նշանակել այնպիսի դեղամիջոց, որը կարելի է օգտագործել հղիության ժամանակ, օրինակ` մագնեզիում:
Երբ պետք է անհանգստանալ: Հիմնականում փորկապությունը մեծ վտանգ չի ներկայացնում: Բավական հազվադեպ է անհրաժեշտ լինում բժշկի միջամտությունը:

4. Կրծքերը քոր են գալիս

Պատճառը: Երբ պատրաստվում եք մայր դառնալ, ձեր կուրծքը, իհարկե, մեծանում է, ընդ որում` մի քանի չափով: Այն պատրաստվում է երեխայի կերակրմանը: Համապատասխանաբար նուրբ մաշկը ձգվում է եւ կարող է քոր առաջացնել:
Ինչպես հաղթահարել: Ձեր փրկությունը մաշկի խոնավեցնումն է: Մի մոռացեք ամեն օր կրծքին խոնավեցնող կրեմ քսել: Դրա բաղադրության մեջ անպայման պետք է լինի E վիտամին: Պետք է նաեւ օգտագործել բամբակյա փափուկ կրծկալներ:
Երբ պետք է անհանգստանալ: Այնպիսի նշանները, ինչպիսին են ցանը կամ արյունոտ արտադրությունը պտուկներից, բժշկին դիմելու պատճառ են: Դրանք սովորաբար լինում են ինֆեկցիաների կամ բարորակ գոյացությունների պատճառով: Ցանկացած դեպքում հապաղել պետք չէ. անմիջապես խորհրդակցեք բժշկի հետ:

5. Սուր ցավեր աճուկի հատվածում

Պատճառը: Նման ցավը բնորոշ է հղիության կեսերին` այն ժամանակ, երբ կոնքոսկրերը հեռանում են իրարից` պատրաստվելով առաջիկա ծննդաբերությանը: Ընդ որում` ցավը կարող է առաջանալ ինչպես անսպասելի, այնպես էլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, երկար ժմանակ ոտքի վրա մնալուց հետո: Իսկ ավելի ուշ նման ցավ առաջանում է այն ժամանակ, երբ երեխայի գլուխը տեղաշարժվում է դեպի ցայլոսկր:

Ինչպես հաղթահարել: Աշխատեք չծանրաբեռնել ոտքերը: Պառկելիս ոտքերի տակ բարձ դրեք, որպեսզի դրանք գլխից մի փոքր բարձր լինեն: Երբ ցավը սկսում է, աշխատեք անմիջապես պառկած դիրք ընդունել եւ հանգստանալ: Կարող է օգնել նաեւ հղիների համար նախատեսված հատուկ սեղմիրանը:

Երբ պետք է անհանգստանալ: Ուժեղ ցավը, որն ուղեկցվում է ջղաձգությամբ, մեջքի ցավով, հեշտոցի արյունահոսությամբ կամ առատ արտադրությամբ, կարող է վկայել վաղաժամ ծննդաբերության սկսման մասին:

 6. Սրտխառնոց

Պատճառը: Բժիշկները փաստում են, որ հղիության ժամանակ հաճախակի սրտխառնոց ունենում է կանանց մոտ 85 տոկոսը: Լինում են դեպքեր, երբ սրտխառնոցն ուղեկցում է օր ու գիշեր, բայց հիմնականում այն առավել շատ զգացվում է առավոտյան: Մասնագետներն ասում են, որ դրա պատճառը դարձյալ հորմոնների` էստրոգենի եւ պրոգեստերոնի տատանումներն են:

Ինչպես հաղթահարել: Գոյություն չունի իդեալական դեղատոմս, որը կփրկի հղի կնոջը սրտխառնոցից: Ամեն ինչ չափազանց անհատական է: Մեկի համար սրտխառնոցի դեմ պայքարելու լավագույն միջոցը դատարկ ստամոքսով չոր հաց ուտելն է, մյուսին օգնում է կիտրոնը եւ այլն: Հիմնականում սրտխառնոցը դադարում է հղիության 12-14 շաբաթից հետո:

Երբ պետք է անհանգստանալ: Այն դեպքում, երբ ձեր օրգանիզմը ոչ մի տեսակ սնունդ չի ընդունում, անպայման դիմեք բժշկի: Իրավիճակի նման զարգացումը կարող է ջրազրկել օրգանիզմը եւ բազմաթիվ այլ խնդիրներ առաջացնել:

7. Ակամա միզում

Պատճառը: Ինչպես արդեն նշեցինք, աճող փոքրիկը ճնշում է մոր ներքին օրգանները, այդ թվում եւ միզապարկը: Դա կարող է հանգեցնել ակամա միզման փռշտալու կամ ծիծաղելու ժամանակ: Այդ երեւույթը կարող է հաճախակիանալ երկրորդ եռամսյակում, երբ երեխան սկսում է ավելի ակտիվորեն աճել:

Ինչպես հաղթահարել: Այս իրավիճակում կարող են օգնել Կեգելի վարժությունները: Դրանք պետք է կատարել միանգամից 10 անգամ` օրական մի քանի անգամ: Այդ վարժություններն ամրացնում են միզապարկը շրջապատող մկանները եւ նվազագույնի հասցնում նման տհաճ երեւույթները: Նաեւ հիգիենայի եւ ներքնազգեստը չոր պահելու նկատառումներով օրվա ընթացքում օգտագործեք ամենօրյա հիգիենիկ միջադիրներ:

Երբ պետք է անհանգստանալ: Այն դեպքում, երբ ձեր վիճակն օրեցօր վատանում է, եւ դուք ցավ կամ այրոց եք զգում միզելիս, խորհրդակցեք բժշկի հետ: Դա անհրաժեշտ է միզասեռական ինֆեկցիաները կանխելու համար:

8. Սեռական ցանկության նվազում

Պատճառը: Առաջին եռամսյակում սեքսի ՙախորժակը փակվում է՚ հոգնածության եւ շարունակ կրկնվող սրտխառնոցի պատճառով: Այնուհետեւ վրա են հասնում մեջքի ցավերը, երեխայի ցավոտ հարվածները ներսից: Հաճախ սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում ապագա մայրիկի անհանգստությունը, որ դա կարող է վնաս պատճառել երեխային:
Ինչպես հաղթահարել: Թույլ սեռական ցանկությունը նորմալ երեւույթ է հղի կանանց համար: Իրականում այն նկատվում է գրեթե բոլոր ապագա մայրիկների մոտ: Բայց սեքսուալ տրամադրությունը փոփոխական է: Այն, ինչ չեք ցանկանում այսօր, կարող եք վաղն ուղղակի պահանջել: Գլխավորը հիշեք, որ սեքսը չի կարող վնասել ոչ ձեզ, ոչ ձեր փոքրիկին, եթե այն չի արգելում ձեր գինեկոլոգը: Այն հեղուկը, որի մեջ գտնվում է ձեր երեխան, հուսալիորեն պաշտպանում է նրան ցանկացած արտաքին ազդեցությունից:
Երբ պետք է անհանգստանալ: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, երբ ամուսնու հետ հարաբերությունները սկսում են վատանալ սեքսի բացակայության պատճառով: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հնարավոր է` նրա հետ խոսելուց հետո ազատվեք բոլոր կասկածներից:

9. Սեռական ցանկության աճ

Պատճառը: Սա նույնպես ունի մի քանի պատճառ: Հղիության ընթացքում մեծանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, եւ կարող է մի քանի անգամ մեծանալ սեռական ցանկությունը: Դա կարող է հանգեցնել վառ օրգազմի: Բացի դրանից` այժմ դուք ձեզ ավելի ազատ եք զգում սեքսի ժամանակ, քանի որ տվյալ փուլում ձեզ այլեւս չի անհանգստացում, թե որքան եք գիրացել, ինչպես նաեւ չեք վախենում կրկին հղիանալու վտանգից:
Ինչպես հաղթահարել: Եթե բժշկական հակացուցումներ չկան, սեքսով զբաղվեք այնքան, որքան ցանկանում եք:

Երբ պետք է անհանգստանալ: Բացառեք ինտիմ մտերմությունը, եթե դա արգելել է գինեկոլոգը. ուրեմն նման արգելքի հիմնավոր պատճառ կա:

10. Թութք

Պատճառը: Այս հիվանդությունը սպառնում է շատ հղի կանանց, քանի որ աճուկի երակները հայտնվում են երեխայի ծանրության ճնշման տակ: Իրավիճակը կարող է բարդացնել խրոնիկական փորկապությունը:

Ինչպես հաղթահարել: Թութքի դեմ լավագույն պաշտպանությունը փորկապությունը կանխելն է: Ավելի շատ հեղուկ խմեք եւ շատ կերեք բջջանյութով հարուստ մթերքներ: Դիմեք բժշկին, նա կօգնի ձեզ կրեմի կամ մոմիկների ընտրության հարցում:

Երբ պետք է անհանգստանալ: Թութքը վտանգավոր չէ ոչ ձեզ, ոչ էլ երեխայի համար: Այդ պատճառով անհանգստանալ պետք չէ: Ամեն դեպքում նման երեւույթ հայտնաբերելու եւ արյան հետքեր նկատելու դեպքում այդ մասին տեղյակ պահեք ձեր բժշկին: Պետք է զգուշանալ հաստաղիքի քաղցկեղի առաջացումից, որի առաջացման հավանականությունը չնչին է, բայց առկա է:

11. Արտադրություն հեշտոցից

Պատճառը: Էստրոգեն հորմոնի առատ արտադրությունը հղիության երրորդ եռամսյակում նպաստում է հեշտոցի արտադրության առաջացմանը:

Ինչպես հաղթահարել: Դուք ի վիճակի չեք դա որեւէ կերպ սահմանափակել կամ կանխարգելել: Ընդամենը սկսեք օգտագործել ամենօրյա հիգիենիկ միջադիրներ եւ հագեք բամբակյա ներքնազգեստ: Երբեք չի կարելի առանց գինեկոլոգի ցուցմունքի խորքային լվացումներ անել, ինչպես նաեւ հղիության ժամանակ տամպոններ օգտագործել: Այդպես դուք կարող եք նպաստել հեշտոցում ինֆեկիաների առաջացմանը:

Երբ պետք է անհանգստանալ: Եթե ձեզ տանջում են քորը, այրոցի զգացումը հեշտոցի շրջանում, ուժեղ հոտը կամ ոչ սպիտակ ու թափանցիկ արտադրությունը, ուրեմն խորհրդակցեք բժշկի հետ: Նման դեպքերում անալիզ պետք է հանձնել հնարավոր ինֆեկցիաները, սեռական հիվանդությունները բացահայտելու համար:

12. Ոչ իդեալական վիճակ <<այնտեղ>>

Պատճառը: Շուտով բուժանձնակազմը կտեսնի ձեր ոտքերի արանքը, եւ դուք անհարմար վիճակում կհայտնվեք, քանի որ այնտեղ բավականաչափ խնամված չէ:

Ինչպես հաղթահարել: Բժիշկը, բնականաբար, ձեզ կհետազոտի այն դիրքում, որից ձեր ամուսինը ոչ միշտ է տեսել ձեզ կամ ընդհանրապես չի տեսել: Բայց նրան առաջին հերթին հետաքրքրում է ձեր փոքրիկի ծնունդը եւ ոչ թե ձեզ ուսումնասիրելը: Մոմով մազահանությունը կամ սափրումը ձեր անձնական ընտրությունն է, իսկ բժշկին իրականում չի հուզում` սափրած է, թե ոչ. նա այդ ամենը բազմիցս տեսել է: Եթե, այնուամենայնիվ, մտածում եք մոմով մազահանության մասին, իմացեք, որ հղիության ընթացքում մաշկի զգայնությունը մի քանի անգամ մեծանում է, իսկ դա նշանակում է, որ ավելի լավ է սահմանափակվել սափրելով:

Երբ պետք է անհանգստանալ: Պետք է վարվել այնպես, ինչպես ձեզ հարմար է եւ ոչ մի դեպքում ծայրահեղությունների չդիմել: