«Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար այցեքարտեր պատվիրելու նպատակով։ Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին։
Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Գևորգ Կոստանյանը թանկարժեք G դասի «Մերսեդես» ավտոմեքենա է գնել։ Ուշագրավ է նաև այն, որ դատախազությունը պետական բյուջեից 50 հազար դրամ էլ ծախսել է Սերժ Սարգսյանի դիմանկարները գնելու համար։ Այսինքն՝ Գ. Կոստանյանն իր ու դատախազության աշխատակիցների համար գնել է Ս. Սարգսյանի 100 դիմանկար՝ յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով որպեսզի 40x50 սմ չափսերով դիմանկարը փակցնեն աշխատասենյակներում»,–գրում է Ժողովուրդ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։