«Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում և, հաջողվելու դեպքում, այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում` անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար»,- նշվում է «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության տարածած հայտարարության մեջ։ Այս մասին գրում է pastinfo.am-ը:
«Նմանատիպ անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցնեն և փորձեն ուսանողության շրջանում կոնսեսուսի հասնել և նոր անցնել կոնկրետ գործողությունների»,- կարծում են հայտարարության հեղինակները։
Իսկ կոնսեսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ` առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության:
Միևնույն ժամանակ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ ցանկացած կոնսեսուսի դեպքում նրանք պատրաստ են կանգնել ՀՀ ուսանողների կողքին, իսկ մինչ այդ զերծ կմնան դասադուլին միանալուն ուղղված կոչերին պատասխանելուց, քանի որ «մտահոգությունների և ռիսկերի համար պատասխանատու և երաշխավոր չլինելու դեպքում, դասադուլը լինելու է ի հեճուկս ուսանողության մի ինչ-որ զանգվածի»:
Վերջիններս գտնում են որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը, միևնույն ժամանակ, պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:
«Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար, ըստ էության, որևէ պատասխանատու անձ չի լինելու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններում սովորող ուսանողների համար իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը և իրենց բուհի ղեկավարությանն օրինական հիմքեր են տալու բուհից հեռացնելու համար»,- ասվում է «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության տարածած հայտարարության մեջ:
ԵՊՀ համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսանողներից այն ուսանողներն ովքեր այսօր առավոտյան եկել են դասի ոչ ոք չի մասնակցել դասադուլին, «առավոտյան ժամը 11-ից այն ուսանողներն ովքեր դասադուլ են անում, կոչերով հանդես են եկել համալսարանի առջև, բայց մեր ուսանողները բուհից դուրս չեն եկել և չեն մասնակցել դասադուլին»,- վստահեցրեց Կարեն Գրիգորյանը: