ՏՄՊՊՀ-ն «Nout.am» ընկերությանը տուգանել է օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:

Նոյեմբերի 29-ին կայացած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում անբարեխիղճ տնտեսական մրցակցության, օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար «Nout.am» ընկերությանը տուգանք է ներկայացվել գործունեության նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:

«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին էր դիմել գրությամբ և հանձնաժողովին տեղեկացրել, որ մրցակից «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ:

«Nout.am» ընկերության կողմից հրապարակված հաղորդման մեջ նշված է եղել, որ հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365,000 դրամով, մինչդեռ «Nout.am»-ում այն արժե 209,000 դրամ: Հաղորդագրությունը պարունակել է նաև հետևյալ գրառումը. «Հիմա դուք երևի կմտածեք` «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,- եզրափակել է «Nout.am»-ը ներկայացնող օգտատերը: «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը տրամադրած տեղեկատվության համաձայն` իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» խանութների ցանցում միջին որակի նոութբուք համակարգիչները վաճառվում են անհամեմատ ցածր գնով և մրցակից ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պահանջով «Nout.am»-ի կողմից գրառումն անմիջապես հանվել է համացանցից: Համաձայն համապատասխան որոշման` «Nout.am» ընկերությունը կվճարի տուգանք օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար: Տուգանքը կկազմի «Nout.am» ընկերության գործունեության նախորդ տարվա հասույթի 1%-ը: