Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժնի պետին գրավոր ցուցում է տվել ակտիվացնել 18.02.2013թ. թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի հայտնաբերման աշխատանքները:

Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել է 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել են խախտումը եւ կանխել: Քննությամբ դեռեւս չպարզված անհայտ անձը ընտրատեղամասից դիմել է փախուստի: 

Վարչական շրջանի դատախազը Էրեբունու ոստիկանության բաժնի պետի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, հանցանք կատարած անձին հայտնաբերելու, նրա ինքնությունը պարզելու եւ քննչական բաժին ներկայացնելու համար երկու անգամ արդեն հանձնարարություն է տրվել: 

Ոստիկանություն է ուղարկվել նաեւ 18.02.2013թ. թիվ 9/02 ընտրատեղամասում տեղի ունեցած հիշյալ դեպքի տեսագրությունը, սակայն մինչ օրս չի պարզվել հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժնին կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում հանցանք կատարած անձի ինքնությունը պարզել եւ նրան ներկայացնել նախաքննական մարմին: