ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, գազի գինը շուտով կնվազի՝ այդ թվում հասարակ քաղաքացիների համար:

«Չի կարելի ասել, որ Հայաստանը ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին: Հայաստանը գազ չունի, որ ինչ ունի-չունի վաճառի: Կարծում եմ, որ գազի սակագների մեղմացման խնդիրը կլուծվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչպես է դասավորվելու Ռուսաստանին Հայաստանի կողմից վաճառած «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերից գոյացած գումարի ճակատագիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք այդտեղից երբևիցե գումար չենք վերցրել: Ծախսերն անընդհատ շրջանառության մեջ են եղել, այդ 20 տոկոսը որևէ բան էլ չի նշանակել: Դա հնարավորություն է տալիս, որ մեր քաղաքացիները նույն գազի սակագնով օգտնվեն, ինչ Ռուսաստանում»:

Հարցին, թե արդյո՞ք գազի սակագնի նվազեցման ֆոնին հնարավոր է այլ ապրանքանիշների կամ ծառայությունների գնի նվազեցում, ինչպիսին, օրինակ, տրանսպորտն է, Սահակյանն արձագանքեց. «Տրանսպորտի թանկացումը միայն գազի հետ չէ կապված: Ես այս պահին չեմ կարող խոսել, թե ինչ կլինի, քանի որ փաստաթուղթը նոր է ստորագրվել»:

Գալուստ Սահակյանը չկարողացավ կոնկրետ նշել, թե որքանով կիջնի գազի սակագինը: Դիտարկմանը, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Ռուսաստանին «Հայռուսգազարդ»-ի բաժնեմասերի վաճառքի կապակցությամբ իշխանությանը «գեշ հարս» է որակել, Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ իրենց հարսնության ժամանակ էնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել: Թող հանգիստ մնան»: