ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան բավականին դրական է գնահատում:

«Այցը աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը շեշտեց նաև, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի առաջնորդ՝ Ռուսաստանի նախագահը նշեց, որ ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի:

Կարևորագույն է նաև գազի սակագնի փոփոխությունը: «Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է: Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ սկեպտիկներին»:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին ավելի են ամրապնդվելու այստեղ, ապա ՀՀԿ խոսնակը կարծում է, որ դա շատ բանական է: «Յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին դա դրական հայտարարություն է Հայաստանի համար: Ես ցավում եմ, որ որոշ «վերլուծաբաններ» և մարգինալ, լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել:

Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում»: