Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնությունն ԱԺ շենքից երթ էր կազմակերպել դեպի ՄԻՊ, ապա Կառավարության շենք, որտեղ էլ ակտիվիստները հայտարարեցին, որ այլևս անիմաստ են համարում Կառավարությանը դիմելու Պարտադիր կենսաթոշակային համակարգի խնդրի լուծման համար, քանի որ Կառավարությունն ընդունակ չէ որևէ հարց լուծելու:

Ակտիվիստները նաև մեծ գոհունակությամբ հայտնեցին, որ իրենց են միացել ՄԻՊ-ը, ԱԺ 4 խմբակցություններ և մի խումբ մարդիկ, որոնք առաջին օրվանից միասին են գործում:

Ակտիվիստները խորին շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին և հորդորեցին մինչև վերջ շարունակել նույն ոգով, քանի որ, ինչպես հայտնեցին ներկաները, սպասվում է մեծ հեղափոխություն, որի մասին ավելի մանրամասն նրանք կհայտնեն ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

Ինչպես իր ելույթում նշեց ակտիվիստներից մեկը, իրենք չեն հանձնվելու և պայքարելու են մինչև վերջ, և կառավարության այն ցանկությունը, որ ժողովուրդն արտագաղթի, իրենք չեն իրականացնելու:

«Կառավարության նախագահ` եթե չեմ սխալվում` Տիգրան Սարգսյանը, թող տղամարդկություն ունենա և իջնի ներքև ու իր ստերն այստեղ ասի, ոչ թե շարունակ թաքնվի ոստիկանության ետևում: Ոստիկաններն էլ մեզ պես մարդիկ են, և նրանք էլ կզգան այս օրենքի թերություններն ու բացասական ազդեցությունն այն ժամանակ, երբ կմեծանան իրենց երեխաները: Պայքարելու ենք մինչև վերջ: Ամոթ այս իշխանությանը, ամոթ»,- վանկարկելով` գոչում էին ակտիվիստները` շարունակ պնդելով, որ այլևս իմաստ չունի կառավարության ներկայացուցչի հետ խոսել, մանավանդ եթե պետք է գա Ալեքսանդր Ղազարյանը:

 

Ավելի մանրամասն` YerevanNews.am-ի տեսանյութում: