Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկումներին, թե կառավարությունն անգրագետ կերպով է պատասխանել իրենց հարցապնդմանը:
«Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, ապա այդքան անգրագետ չլինեիք ու չգրեիք բաներ, որոնք կառավարության իրավասության մեջ չեն մտնում», - նշեց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, որ մի հարցում համամիտ է՝ կոռուպցիան մեր երկրի չարիքներից է, չարորակ ուռուցք է պետության համար, ինչպես օրգանիզմի համար:
«Անհեթեթություն ասեցիք, դրանից ձեր գրած անհեթեթությունը նորմալ բան չի լինի: Որ անգրագիտություն որակեցիք, դրանից ձեր արժեքը չի բարձրանա: Եթե քաղաքական երկխոսություն եք ուզում, մեկնած ձեռքը բռունցք մի դարձրեք, որովհետև այդ բռունցքին բռունցք է պատասխանելու՝ ավելի վատ, ավելի կոպիտ: Մենք խնդրի լուծման ճանապարհով գնում ենք, գիլիոտինը շատ թանկ բան է, բայց մենք գնում ենք դրան: Ի՞նչ եք կարծում՝ Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ մենք պիտի պատասխան տանք, թե ինչու իրենք պատասխան չեն տալիս: Եթե կարծում եք, որ այդքան հզոր ենք, որ իրենց վրա էլ կարող ենք ազդել, ուրեմն հզոր ենք»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա նաև հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության անդամներին, նշելով, թե այդքան գիտելիք չունե՞ն, որ հասկանան՝ անձի անմեղության կանխավարկած կա, որ անձը չպետք է ապացուցի, որ ինքն անմեղ է:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը կառավարություն էր ուղարկել իր մի քանի հարցապնդումները՝ կապված երկրում տիրող կոռուպցիայի հետ: