Հայաստանի Տավուշի մարզում` Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել էր շարքային Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինվորներ վիրավորվել էին: Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ այժմ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է, Իջևան-Բերդ երթևեկությունն իրականացվում է շրջանցիկ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ, մեղմ ասած, անբարեկարգ ճանապարհով:
YerevanNews.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 22-ին դիմել են ՀՀ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, որպեսզի վերջինս աջակցի ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը վերոնշյալ հատվածով ապահովելու գործում և անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար դիմի ադրբեջանական կողմին:
Սակայն առ այսօր ԿԽՄԿ-ից գյուղական համայնքների ղեկավարները որևէ պատասխան չեն ստացել: ԿԽՄԿ երևանյան գրասենյակն այս առումով լռում է: Թերևս, լռության պատճառն այն է, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ մերժել է անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես տարիներ շարունակ մերժում է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի առաջարկը:
Միևնույն ժամանակ գյուղապետերը հավաստիացնում են, որ հայկական կողմը նույն ԿԽՄԿ-ի միջոցով անվտանգության երաշխիքներ է տրամադրել ադրբեջանական կողմին Ալիբեյլի գյուղի մերձակայքում քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու համար: Հարց է առաջանում. ինչու՞ է հայկական կողմն ընդառաջում ԿԽՄԿ-ի միջնորդությանը և երաշխիքներ տրամադրում ադրբեջանական կողմին, եթե չի ապահովվում սահմանամերձ գյուղերի միջև քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ երթևեկը, եթե չի ապահովվում խաղաղ բնակչության անվտանգությունը, եթե առկա է Բերդ-Իջևան ճանապարհի գնդակոծման վտանգը: