«Հրապարակ» թերթը գրում է. «Պուտինը եկավ-գնաց եւ հայրենի չինովնիկներին գցեց կրակը։ Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հինգ հոգով յոթ երգ են երգում, նրանցից ամեն մեկը մի պարզաբանում է տալիս, թե ինչու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնմասը տվեցին «Գազպրոմին»։ Պուտինի այցի օրը խորհրդարանում մեկնաբանելով այս գործարքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը աչքալուսանք տվեց, թե գազը կէժանանա, եւ այդ 20 տոկոսն էլ սուբսիդավորման դիմաց տրվեց մեր դարավոր բարեկամ երկրին։ Սակայն երկու օր անց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սառը ցնցուղ պահեց Գրիգորիչի աչքալուսանքից թեթեւացած զանգվածի վրա, հայտարարեց, թե այդ բաժնեմասը տրվել է ռուսներին մեր 300 միլիոն դոլար պարտքի դիմաց։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը բոլորովին այլ բան հայտարարեց, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը երեկ անմեղսունակ կերպով խոստովանեց, որ գազի պարտքից տեղյակ չի եղել։
Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում եւ ինչո՞ւ էր Գրիգորիչը նման անտեղյակ հայտարարություն անում, երեկ մեր լրագրողը հարցրել է նրանից, ճշգրտելով՝ հիմա Ձե՞ր խոսքն է ուժի մեջ, թե՞ նախարարի. գազը կէժանանա՞, թե՞ ոչ։ Գրիգորիչը թեւաթափ եղած հայտարարել է, թե այս պահին փոփոխություն չի լինի։ Իսկ Ձեր աչքալուսա՞նքը։
«Սոցիալական շերտին, իհարկե, կառավարությունը ներկայացրել է, փոփոխությունը հիմա էլ կա, բայց ես գտնում եմ, որ առաջիկա տարիներին կիջնի, որովհետեւ, ըստ Միլլերի հայտարարության, մեր ժողովուրդը կվճարի այնքան, ինչքան ՌԴ քաղաքացին»,- ասել է կարկառուն ՀՀԿ-ականը։
Ռուսաստանի տարբեր վայրերում ապրող քաղաքացիները գազի բոլորովին տարբեր սակագներ են վճարում, դուք ճշտե՞լ եք կոնկրետ գինը, որը վճարելու է հայ սպառողը։ «Ամենացածր գները»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում