Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին այցելելու է Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նախարարական հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով:

Լրագրողներն այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թուրք նախարարի այցը Հայաստան:

«Ես կասկածում եմ, որ դրական քայլ կարող է լինել, քանի որ հետևելով նույն Դավութօղլու և պաշտոնական Անկարայի տեսակետներին, մենք տեսնում ենք, որ իրենց մոտեցումներին ոչինչ չի փոխվել»,- նշեց նա, հավելելով, որ ամեն միջոց պետք է օգտագործել Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Նրա այցը բնականաբար ունի քաղաքական ենթատեքստ, փորձում են ցույց տալ, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել իրենց հարևանների հետ»,- նշեց նա:

Սակայն, ըստ պատգամավորի, Թուրքիան բազմիցս խախտել է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: