Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ` այն, ինչ կատարվեց Ուկրաինայում ԵՄ-ից հրաժարվելուց հետո, և ինչ կատարվեց Հայաստանում, անհամեմատական են:
«Եթե պոստֆակտում անալիզ անենք, ապա կտեսնենք, որ տարբերությունն ահռելի է: Ուկրաինայում ահռելի զանգված ոտքի կանգնեց, իսկ Հայաստանում` 200-400: Թե որքանով էին օրենքի սահմաններում ոստիկանության գործառույթները դեկտեմբերի 2-ին, միայն կասեմ, որ լրագրողներն ու ոստիկաններն ավելի շատ էին, քան ակցիայի մասնակիցները: Անիմաստ է հիմա ադեկվատ և ոչ ադեկվատ բնորոշումներ տալ»,- «Ելակետ» մամուլի ակումբում լրագորղների հետ հանդիպմանը այսկերպ գնահատեց Քոչարյանը:
Քաղտեխնոլոգի բնորոշմամբ` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն իրեն շատ վատ է պահել: Նրա խոսքերով, չի կարելի ամեն ինչ միայն մեկին տալ ու նվիրել:
«Երբ ամեն ինչ տալիս ես ուրիշին, քեզ վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են: Չի կարելի ռադիկալ ձևով տրվել այս կամ այն ծայրահեղությանը: Նորմալ է, երբ մարդիկ միաձայն ասում են` գնում ենք Եվրոպա, բայց այստեղ հարցեր են առաջանում` սպասու՞մ է արդյոք Եվրոպան քեզ, թե՞ ոչ, եվ եթե սպասում է, ի՞նչ տրամադրվածությամբ է սպասում: Ոչ մեկ ոչ լավն են, ոչ վատը: Մեզնից շատ, մեր լավը ոչ մեկ չի ուզում»,- հավելեց Քոչարյանը` նշելով, որ ինքը ստույգ դիրքորոշում չունի, թե որ ուղղությունն է ավելի նպատակահարմար:
Իր համար կարևոր է, որ Հայաստանը դառնա ինքնաբավ և զարգացած երկիր:
Քաղտեխնոլոգը համաձայն է միայն մի բանի, այն է` անցկացնել հանրաքվե, և ժողովուրդն ինքը որոշի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ:
Լրագրողի այն հարցին, թե նա այս դիտարկմանն է մնում անգամ այն դեպքում, երբ նկատի ենք ունենում, թե Հայաստանում ինչպես են ընթանում հանրաքվեները, Քոչարյանը հաստատեց, որ այո, անգամ այդ դեպքում:
Այն դիտարկամանը, որ ակցիային մասնակցեցին 200-400 հոգի, թույլ չի՞ տալիս կարծելու, որ միայն այդ քանակությամբ մարդիկ են դեմ ՄՄ-ին, Քոչարյանը պատասխանեց, որ այնուամենայնիվ հանրաքվեն պետք է անցկացնել, թեպետև դա որպես ցուցանիշ կարելի է ընդունել: