Ծանրամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակակիր Հռիփսիմե Խուրշուդյանն հայտնեց, որ մեծ սպորտ վերադառնալը չի խանգարի իր անձնականին և նորածին որդու դաստիարակությանը:
«Ես կարողանում եմ համատեղել սպորտը և ընտանիքը, և փառք Աստծո, իմ սկեսուր մայրիկը բալիկիս խնամքը վերցրել է իր վրա, որ ես կարողանամ լիարժեք մարզվեմ սպորտով»,- նշեց ծանրորդուհին:
Խուրշուդյանը հայտնեց, որ երեխայի մեծանալուց հետո մարզումներին ավելի շատ ժամանակ կհատկացնի, իսկ իր երեխային չի ստիպի իր ճանապարհով գնալ, սակայն նկատեց, որ 4,5 ամսական Աշոտիկը ճարպիկ երեխա է:
Անդրադառնալով վերջերս ծանրամարտի միջազգայհին ֆեդերացիայի կողմից 6 հայ մարզիկների դոպինգի պատճառով որակազրկելուն, որոնցից մեկին` ցմահ են որակազրկել, Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ դոպինգ ասվածը պետք է վերանա, իսկ մարզումները պետք է կատարեն իրենց ուժով: Իսկ ինքը, ինչպես տեղեկացրեց, այդ ժամանակ արդեն դադար էր տվել մարզումներին:
Իր վերադարձը մեծ սպորտ Խուրշուդյանը դրական է գնահատում, և, ինչպես ինքը հաստատեց, փորձում է կրկնել իր գրանցած արդյուքնները:
Խուրշուդյանը նաև հայտնեց, որ նոր նախագահ Արմեն Շահազիզյանին միայն ժողովների ժամանակ են տեսնում, բայց Շահազիզյանը, ըստ ծանրորդուհու, լավ է հետևում մարզիկներին և մրցելույթներին:
Անդրադառնալով Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև առկա լարված հարաբերություններին, Խուրշուդյանն ասաց, որ իրենք նման բաներին ուշադրություն չեն դարձնում և իրենց համար կարևորը սպորտն է: Թե ինչ է կատարվում այնտեղ, իրենք տեղյակ չեն: Խուրշուդյանը նաև հայտնեց, որ դեռևս չի հանդիպել Յուրի Վարդանյանի հետ:
Եզրափակելով խոսքը` ծանրորդուհին ասաց, որ վախ միշտ էլ կա, բայց պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա, իսկ ինքը միշտ ընտրում է երկրորդ տարբերակը: Եթե ձախողում լինի, իսկ դրա հավանականությունը նորմալ է, ինքը դրանից ավելի կոգևորվի, որպեսզի հաղթի: