Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ընդունում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Այս մասին էպոսագետն ասաց Yerevanenws.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների Վարդան Սեդրակյանը ստացել է 6 հազար 210 ձայն:
-Նախ ուզում ենք իմանալ ինչպե՞ս է Ձեր առողջությունը:
-Ոչինչ, կամաց-կամաց լավանում եմ:
-Ապաքինվում ե՞ք:
-Այո, այո:
-Արդյո՞ք պատրաստվում եք բողոքարկել ընտրությունների արդյունքները և կխնդրեի, որ տայիք Ձեր գնահատականն ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ:
- Պաշտոնական արդյունքների ամփոփումը վաղը ես մամուլի ասուլիս կհրավիրեմ, որպեսզի ամեն մեկիդ հատ-հատ չասեմ, բայց, որ զանգել եք ասեմ՝ չեմ պատրաստվում բողոքարկել՝ մեկ, և երկրորդը՝ չեմ պատրաստվի ճանաչել այս ընտրությունների արդյունքները:
-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
-Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին ինձ երբեք չեք տեսնի: Ամեն մարդ ունի իր ոճը, իր գործելակերպը և ես ընդունում եմ իր պայքարի ձևը, բայց ես ունեմ իմ ձևը, իմ մեթոդները :
-Պարոն Սեդրակյան բարեբախտությու՜ն է, որ Ձեզ դեռ չեն ձերբակալել Պարույր Հայրիկյանի գործով :
- Ի՞նչ հարցով պետք է ինձ ձերբակալեին։
-Դուք հայտարարեցիք, որ ընտրություններից հետո կարող են Ձեզ ձերբակալել:
-Ես ասել եմ ընդամենը, որ դա տարբերակներից մեկն է: Մի բան է, թե ինչ կցանկանան անել, մի բան է, թե ինչ կստացվի արդյունքը: Ես արդեն այդ գործի մասին մոռացել եմ և Ձեզ էլ խորհուրդ կտայ մոռանալ :
-Պարոն Սեդրակյան թերևս վերջին հարցը, այս ընտրությունները կարծեք, թե անցյալում են, առաջիկայում ...
-Դա ձեզ ուղակի թվում է: Քվեարկության օրն ասել եմ, երևի դիտել եք հեռուստատեսությունով այդ պահը։ Ասել եմ, որ ընտրություններն այդ օրով չեն ավարտվում, ընտրությունները դեռ միայն նոր սկսվում են:
-Այսինքի կարելի՜ է ենթադրել, որ ավագանու և քաղաքապետի մասին մտածելը դեռ վաղաժամ է:
-Գիտեք ինչ, դեռ մինչև այդ այնքան ժամանակ կա։ Ե՞րբ է Ձեր ասած քաղաքապետի ընտրությունը:
-Մայիսի 5-ին:
-Դե տեսնում եք դեռ երդման արարողություն կա, այնպես, որ շատ ավելի հավանական եմ համարում արտահերթ նախագահական ընտրություն, քան քաղաքապետի ընտրությունները։
Զրուցեց Տիրայր Մուրադյանը