Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի համոզմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան գալու միակ դրդապատճառը Ցեղասպանության 100-ամյակն է: Թուրքագետն այսպիսի տեսակետ հայտնեց այսօր Ելակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հավելելով նաև, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության սցենարիստ, պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության:
Թուրքագետի գնահատմամբ` այցը տեղի է ունենում տարածաշրջանում դրամատիկ զարգացումների ֆոնին։
«Իհարկե, արդեն գաղտնիք չէ, որ Դավութօլուի այցի գլխավոր նպատակը մոտեցող 2015-ի հետ է կապված, սակայն կան նաեւ երկրորդական պատճառներ։ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայի, Իրաքի, վերջերս նաև Եգիպտոսի հետ կապված ձախողված քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ստիպեցին, որ Թուրքիան փորձի հիշեցնել իր մասին»,- նշեց Իսպիրյանը։
Թուրքագետի դիտարկմամբ` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պետք է նշել, որ այն մեկնարկի օրից իսկ ձախողված է: Պատճառն, ըստ Իսպիրյանի, ղարաբաղյան խնդիրն է:
Իսպիրյանը նաև համոզված է, որ Դավութօղլուի այցի մեջ ոչ-մի արտարոց բան չկա և որ դա յուրաքանչյուր տարի գումարվող Սևծովյան երկրների ԱԳ նախարարների ժողով է:
Իսկ Հայկազուն Ալրվցյանի բնորոշմամբ` Դավութօղլուի այցի ժամանակ կկայանա Դավութօղլու-Լովրով հանդիպումը:
«Հաշվի առնելով տարածշրջանային զարգացումները՝ Թուրքիան ուզում է պարզապես իր կեցվածքը ցույց տալ, այդ այցը նահանջ է Թուրքիայի կողմից: Թուրքիան պատրաստվում է 100-ամյա տարելիցին ընդառաջ Սփյուռքը մասնատել»,- ասաց Ալվրցյանը:
Վերջինս նաև համոզված է, որ Դավութօղլուի քաղաքականությունը պարտված քաղաքականություն է, իսկ Թուրքիայում արդեն արձագանքներ կան, թե Ադրբեջանի գործոնը վնասում է Թուրքիային: