Դեկտեմբերի 10-ին ժամը 11-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանում դատավոր Մելիք Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունենալու Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի` վաղաժամկետ պայմանականորեն ազատման դատական նիստը:
Դատապարտյալ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, YerevanNews.am-ին հայտնեց, որ ամուսնու մասնակցությունն առանց պատճառաբանության արգելվել է և չի ապահովվում, իսկ դատական նիստին մասնակցելու ծանուցում ուղարկվել է միայն Արթիկ ՔԿՀ-ի շահերի պաշտպան, նույն հիմնարկի սոցիալ հոգեբանական իրավական աշխատանքների բաժնի պետի պատոնակատար Սարիբեկ Նահապտյանին, ով, ըստ Հակոբյանի համագործակցում է Արթիկ ՔԿՀ-ի հանցախմբի անդամներ, պետի տեղակալներ Աղասի Խաչատրյանի և Ռոբերտ Պետոյանի հետ:
Տիկին Հակոբյանի տեղեկացմամբ` այս տարվա հոկտեմբերի 29-ին Մարալիկի առաջին ատյանի դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ժամանակ դատապարտյալ Արտակ Հակոբյանը փաստերով ապացուցել է, որ Սարիբեկ Նահապետյանը, Աղասի Խաչատրյանը և Ռոբերտ Պետոյանը հանցախումբ են կազմում, և ՔԿ վարչության թելադրանքով են թշնամություն անում ամուսնու` Արտակ Հակոբյանի նկատմամբ:
Նշենք նաև, որ առկա են հոկտեմբերի 27-ի դատական նիստի տեսաձայնագրությունները:
Դատապարտյալի կինը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալներ Աղասի Խաչատրյանը և Ռոբերտ Պետոյանը այժմ քննվում են ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Կարապետյանի վարույթում, քանի որ սպառնացել դատապարտյալ Հակոբյանին թունավորել որևէ գաղտնիք բարձրաձայնելու դեպքում:
«Սա բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պատվեր է, որը նպատակ ունի թույլ չտալ` ամուսնուս ներկայությունը դատական նիստին, քանի որ այդ պաշտոնյաները քաջ գիտակցում են` Արտակ Հակոբյանի մասնակցության դեպքում մի շարք ԶԼՄ-ներ կմասնակցեն, և ամուսինս համակարգում տիրող անօրինականությունների և կաշառակերությունների վերաբերյալ հայտարարություններ է անելու, որոնք կլուսաբանվեն և կտեղեկացվեն հանրությանը: Իսկ այդ դատական նիստից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են կալանավորվելու և ազատվելու իրենց զբաղեցրած պաշտոններից:
Միայն դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ չեն բավարարում ամուսնուս մասնակցությունը դատական նիստերին` քողարկելով իրենց կողմից իրականացված հանցագործություններ»,- իր խոսքում նշեց դատապարտյալի կինը` հավելելով, որ համակարգից երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են կաշառակերության համար կալանավորվել, և դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարոնում դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ տեղի է ունենալու Ազգային անվտանգության աշխատակից Դավիթ Մուրադյանի կաշառքի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Դավիթ Մուրադյանը խոշոր չափերի գումարներ և տան կահույք է պահանջել և ստացել դատապարտյալ Արտակ Հակոբյանից, որպեսզի վերջինիս ազատի պատժի կրումից:
«Դիմում եմ ՀՀ նախագահին և ՀՀ Գլխավոր դատախազին, որպեսզի իրենց անմիջական միջամտությամբ արդարություն վերականգնվի: Ամբողջ համակարգով թշնամություն են անում ամուսնուս հանդեպ, չնայած այն հանգամանքին, որ մեր բնակարանը ստիպեցին վաճառել և շորթեցին վաճառքի գումարները:
Կոչով դիմում եմ նաև ՀՀ-ում գործող բոլոր ԶԼՄ-ներին` դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին մասնակցելու Վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին, ինչպես նաև դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-ն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանում կայանալիք ԱԱԾ աշխատակից Դավիթ Մուրադյանի կաշառքի գործով հերթական դատական նիստին, ով թալանել է մեզ և ստիպել վաճառել մեր բնակարանը»,- կոչով հանդես եկավ Կարինե Հակոբյանը: