«Իրատես de facto» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ-ի արտահերթ նիստը խոստանում է բավականին բուռն լինել: Խորհրդարանը բյուջեն պետք է ընդունի, իսկ ընդդիմադիրների համար սա հերթական լավ առիթն է կառավարությանը ցույց տալ սխալներն ու բացթողումները:

Հետաքրքիր ռեւերանսների պիտի սպասել ԲՀԿ-ից, որը, բնականաբար, պահը բաց չի թողնի հերթական անգամ նշելու, թե այս կառավարությունն անվստահելի է: Իհարկե, առանց կոնկրետացնելու կպահանջի կառավարության հրաժարականը, բայց բոլորին էլ պարզ է, որ թիրախը միմիայն Տիգրան Սարգսյանն է:

Չի բացառվում, որ ընդդիմադիրները դիմեն նաեւ խորամանկության, իսկ ՀՀԿ-ն խայծը կուլ տա: Քվորում ապահովելով, ընդդիմադիրները, ավելի շատ ԲՀԿ-ն, չի մասնակցի քվեարկությանը, իսկ ՀՀԿ-ից «խրոնիկական» բացակայողների պատճառով բյուջեն չի ընդունվի: Այս իսկ պատճառով, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում խիստ հրահանգ է իջեցվել` քնած, թե արթուն, հիվանդ, թե երկրից դուրս մի մարդու նման ներկայանալ նիստին: Սա նաեւ Օեկ-ի վրա է տարածվում, որպեսզի կառավարության նախագծերը չտապալվեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: