Տարիների փորձը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների նպատակները, ցանկությունները, ճաշակներն ու հնարավորությունները տարբեր են՝ կապված Ամանորը նշելու հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ հայերը նախընտրում են իրենց տոնական հանգիստն անցկացնել թե Հայաստանում, թե Ղարաբաղում, թե Եվրոպայում:
«Տարեցտարի ավելանում է Հայաստանում Ամանորն անցկացնելու ցանկություն ունեցողների քանակը, և ոչ միայն Ամանորը: Զարգանում են թե ներգնա, և թե արտագնա զբոսաշրջությունը»,- նշեց Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ՝ զբոսաշրջության ակտիվություն նկատվում է նաև ձմռանը, և Ամանորին ունենում են նաև արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են ոչ միայն Ծաղկաձոր, Հանքավան, Սևան, ինչպես սովորաբար լինում է, այլև շրջում են Հայաստանի այլ տեսարժան վայրերով ևս:
Ինչ վերաբերում է Հանրապետությունում ճանապարհների անցանելիությանը, ինչը կարող է խոչընդոտել զբոսաշրջիկների հանգստին և այցին, Ապրեսյանը վստահեցրեց, որ պետական մակարդակով խիստ հսկողության տակ են դրված ճանապարհների վերահսկողությունը, իսկ Հայաստանն այս պահին, Ապրեսյանի համոզմամբ, պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին, թեպետև դեռևս կան կատարվելիք աշխատանքներ:
«2012-ին համեմատած 2011-ի հետ, ներգնա զբոսաշրջությունն աճել է 11,3 տոկոսով: Զբոսաշրջիկներ են ժամանում Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Իրանից և շատ այլ երկրներից: Այս տարվա 9 ամիսների պաշտոնական վիճակագրական տվյալներով արտագնա տուրիզմն աճել է 38,3 տոկոսով»,- հայտնեց Ապրեսյանը՝ նշելով նաև, որ Ամանորի օրերին հյուրանոցների սպասարկման գները տարբերվում են մյուս բոլոր օրերից, սակայն Վրաստաբի հետ համեմատած՝ Հայաստանի հյուրանոցների սակագները 10 տոկոսով ավելի ցածր են:
Իսկ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների այցելության աճ է գրանցվում Ծաղկաձորում: Նրա համոզմամբ, որքան էլ ամենուր պնդում են, թե արտագնա տուրիզմը գերազանցում է, քանի որ հայաստանյան հյուրանոցների սակագները արձր են, այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ ներգնան գնալով զարգանում է, ինչի հետևանքով ավելի են բարելավվում հյուրանոցները, ավելի բարձրակարգ են դառնում սպասարկման որակն ու համարները:
«Պահանջարկ կա նոր հյուրանոցների կառուցման: Արտասահմանից եկած զբոսաշրջիկների գոհունակությունից պարզ է դառնում, որ Հայաստանյան հյուրանոցների ցուցաբերած սպասարկումը բարձրակարգ է, իսկ զբոսաշրջիկներն ինքնին գովազդ են»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ մեկ անձի համար 130 հազար դրամից սկսած կարող են իրենց հանգիստ անցկացնել հյուրանոցներում:
Հայրապետյանի փոխանցմամբ՝ շատ հյուրանոցներում արդեն ազատ տեղեր չկան, իսկ ընդհանուր սակագները 6 օրյա հանգստի համար կարող են հասնել մինչև 3 մլն դրամի:


