Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանը: Oրակարգում ընդգրկված են կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված մի քանի տասնյակ օրինագծեր:

ԲՀԿ խմբակցությունը, ի դեմս խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, հայտարարեց, որ չի մասնակցելու կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված և հապճեպ ԱԺ ներկայացված այս օրինագծերի քվեարկությանը: «Մենք նման նախագծերի քվեարկություններին չենք մասնակցում, որոնք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով խորհրդարանի հանդեպ, կառավարությունն ուրբաթ կեսգիշերին բերել է ԱԺ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ հաջորդ տարվա հունվարից կառավարությունը դարձյալ հարկահավաքությամբ է զբաղվելու: Որպես օրինակ, նա բերեց անձնագրերի վերաբերյալ հարցը, նշելով, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, ըստ որի՝ հունվարին 100 հազար քաղաքացիներ պետք է 30 հազար դրամ ծախսեն՝ նոր կենսաչափական անձանագիր և նույնականացման քարտ ձեռք բերելու համար: