Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Yerevannews.am-ի թղթակցի այն հարցին, թե երբ ԱԺ նախագահը  հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այնուամենայնիվ առաջարկ եղե՞լ է ղեկավարել կառավարությունը, ԱԺ նախագահն ասաց.

«Մենք նախատեսում ենք փոփոխություններ բոլոր ոլորտներում, նույն կառավարությունում ևս,  բայց դա չի նշանակում, որ դա վարչապետի փոփոխություն է, որ դուք միշտ փորձում եք ասել: Նման հարց դեռ չի քննարկվել: Մենք նախագահի հետ հանդիպել ենք, որ խոսենք մեր գործերի մասին Ազգային  ժողովում, ոչ թե գնացել ենք քննարկել հարցեր` ապագա կառավարության կազմի մասին ու իմ կարծիքով դեռ շուտ է: Մենք դեռ խնդիրներ ունենք, առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, պետք է շուտ զբաղվել այդ գործով: Ավագանու ցանկ պետք է կազմենք և ես գտնում եմ, որ մենք այս ժամանակացույցով գնալու ենք առաջ, շտապելու որևէ խնդիր մենք չունենք և ամեն ինչ լուծվելու է օրենքի շրջանակներում և շատ ճիշտ և օբյեկտիվ»:

Անդրադառնալով, իր և նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը, Հովիկ Աբրահամյանը ի սկզբանե կոռեկտ չհամարելով այդ հարցի մասին խոսելը, ասաց, որ իրենք հաճախ են հանդիպում և այդ հանդիպման ժամանակ որևէ քաղաքական հարցի մասին չեն խոսել: