Դեկտեմբերի 14-ին կայացավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողով, որի ընթացքում ամփոփվել է անցնող տարվա ընթացքում կատարված գործողությունները գերիներին հայրենիք վերադարձնելու համար: ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ արվել են բոլոր քայլերը գերիներին վերդարձնելու ուղղությամբ, սակայն, Առաքելյանի դիտարկմամբ, պետք չէ մոռանալ` ով է մեր թշնամին ու հակառակորդը:
Տեղեկացնենք, որ հանձնաժողովին մասնակցել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչը:
«Կարմիր խաչի ներկայությամբ Պաշտպանության նախարարն ասաց, որ մենք բոլոր տեսակի քայլերին գնալու ենք: Ինքս` որպես անհայտ կորածի մայր, ամեն հանձնաժողովից հետո մի փոքր նորից ուզում եմ կյանքի կոչվել և հավատում եմ, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Ինչ վերաբերում է Ինջուղալյանին, չպետք է մոռանանք, որ նրա հանդեպ մեծ ճնշումներ են գործադրվել երրորդ երկիր տեղափոխելու համար, սակայն Սեյրան Օհանյանն ասաց, որ մենք անելու ենք այնպես, որ մեր զինվորը վերադառնա հայրենիք»,- իր խոսքում նշեց Առաքելյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ նշվել են 90 հոգու անուններ, որոնք հնարավոր է վերադարձվեն, սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են այդ 90 հոգու մեջ ներառվելու:
Առաքելյանը նաև հայտնեց, որ Հայաստանից անհետ կորել են 400-ից ավելի, իսկ ԼՂՀ-ից` 600 հոգի, իսկ Հայաստանում հայտնված ռազմագերիներին մենք վերադարձրել ենք:
«Մենք ավելի պատրաստակամ ենք վերադարձնելու հետ կապված, քանի որ Ադրբեջանցի իմ գործընկերը հայտնել է, որ նրանց ռազմագերիների համար Ադրբեջանն այնքան մտահոգ չէ, որքան Հայաստանը, այդ պատճառով էլ փոխանակման միջոցով վերադարձնելը հեշտ չէ: Իսկ մինչ այսօր քանի ռազմագերի վերադարձվել է Հայաստան, բոլորն էլ խեղաթյուրված և հոգեկան խանգարումներով են վերադարձվել, այն վիճակում, որ այլևս պիտանի չլինի: Այս տարի երկու հոգի վերադարձվել են»,- նշեց Առաքելյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչից ելնելով են իրենք համոզված, որ Ինջուղալյանին ադրբեջանցիներն են ստիպել երրորդ երկիր գնալու համար դիմելու, Առաքելյանը հավաստեց, որ սրանում համոզված են, քանի որ Ինջուղալյանի ծնողները նույնպես դրան չեն հավատում, և դրանից բացի Ինջուղալյանի ձայնի մեջ էլ վախի նոտաներ են զգացվել: