YerevanNews.am-ը բազմիցս անդրադարձել է արդեն 7 ամիս շարունակ առանց ստույգ հիմնավորման կալանքի տակ գտնվող Մարտին Ծերունյանի գործին` ներկայացնելով նաև, որ վերջինիս համար դեռևս պարզ չէ, թե որն է այն հանցանքը, որում ինքը մեղադրվում է և ինչի պատճառով կալանքի տակ է գտնվում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հ/կ իրավաբանական խորհուրդը YerevanNews.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործի բոլոր փուլերում էլ` բերման ենթարկման, նախաքննական, թե հետաքննական, պետք է կասկածյալը պարզաբանում ստանա քննչական մարմիններից, թե ինչում է կայանում իր մեղավորությունը: Իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ից մեզ հայտնեցին, որ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի, եթե քննչական մարմինը բերման ենթարկելու պահին ունենում է հիմնովի փաստ, ապա այդ պահին պատճառաբանություններ տալու կարիք չի լինում, իսկ եթե պարզապես կան ողջամիտ հիմքեր կասկածելու համար տվյալ անհատի կամ մարդկանց խմբի հանցագործ լինելուն, ապա վերոնշյալ հիմքերը պետք է ներկայացվեն:

Սակայն, Մարտին Ծերունյանի դեպքում մենք հանդիպում ենք այսպիսի պատճառաբանության` մեջբերում` «…. այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ…»:

Վերոնշյալ գործողություններում Մարտին Ծերունյանի անվանը հանդիպում ենք միայն հետևյալում, որ Ծերունյանը խոստացել է ոմն Դավիթ Զիրոյանին գտնել սպանություն կատարողի, սակայն չի նշվում ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երկխոսությունն ու պայմանավորվածությունը:

YerevanNews.am-ի այն հարցին, թե արդյոք նախնական դրական պատասխան տալու` նախաքննությամբ չհիմնավորված փաստարկը կարող է դրվել անձին մեղադրյալ ներգրավվելու որոշման հիմքում, վերոնշյալ երկու իրավաբանական խորհուրդներից էլ փաստեցին, որ ՀՀ Քրեական օրենսդրության համաձայն, որ հիմնավորումները որոշում և ներկայացնում է քննիչը: Հ/Կ-ների փոխանցմամբ` եթե առաջադրվում է քրեական մեղադրանք, ապա անձին բերման ենթարկելուց 3 ժամվա ընթացքում պետք է քննչական մարմինների կողմից գտնվեն համապատասխան փաստերը ձերբակալվածի կարգավիճակ տալու համար, հիմնավոր փաստեր չգտնելու դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

Այս դրույթը հաշվի առնելով` գալիս ենք այն եզրահանգմանը, որ Մարտին Ծերունյանը արդեն 7 ամիս շարունակ գտնվում է կալանքի տակ, սակայն ստույգ հիմնավորումներ և իր մեղքն ապացուցող փաստեր այդպես էլ չեն ներկայացվել:
Մեզ նաև տեղեկացրեցին, որ դատարանը հիմնականում ներկայացնում է քննիչի հիմնավորումները, իսկ դրանց բավարար լինելուց ելնելով` որոշում է կայացնում կալանքի ժամկետը` որպես խափանման միջոց կիրառելու մասին, և այս դեպքում, ըստ իրավաբանների փոխանցման, դատարանը պետք է հիմնավորի, թե ինչու է հենց կալանքն ընտրվում` որպես խափանման միջոց, քանի որ չպետք է մոռանանք, որ խափանման միջոցները տարբեր են լինում:

Այն հարցին էլ, թե որքանով է օրենքի սահմանում առերեսում չթույլատրելն այն մարդու հետ, ով ցուցմունք է տվել իր դեմ կամ ում ցուցմունքը չի համապատասխանում իր ցուցմունքին, մեզ հայտնեցին, որ քննիչն է որոշում` առերեսման լինել-չլինելը` այս դեպքում էլ բացատրություն տալով:
Մարտին Ծերունյանի իրավապաշտպան Սամվել Ջաղինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդի հետ առերեսման միջնորդություն ներկայացվել է, սակայն չի բավարարվել, որին քննչական մարմնի կողմից տրվել է հետևյալ պատճառաբանությունը, որ Ծերունյանի դեմ վկայություն տվող անձի անվտանգության նկատառումներից ելնելով` չեն կարող հրապարակել վերջինիս անունը:

Փաստորեն, ստացվում է, որ մեղադրյալը չի ճանաչում այն մարդուն, ով իր դեմ ցուցմունք է տվել, հնարավորություն չունի նրա հետ առերեսում ունենալու և գոնե պարզելու, թե որն է եղել իր մեղքը,  և վերջինիս, կարծես թե, Ծերունյանը կարող էր վնասել` չնայած ոստիկանների խիստ հսկողությանը:

Ցուցմունք տվող անձի գոյությունն առհասարակ կարող ենք կասկածի տակ դնել, քանի որ մինչ օրս նրան տեսնելու բախտ ոչ մեկին չի վիճակվել: Իսկ սրանից հանգում է այն, որ Ծերունյանի դեմ չկա ցուցմունք, սակայն ինքը կալանքի տակ է: