ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ հաջորդ տարվա սկզբին տեղի կունենա հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Turan պարբերականին և «Голос Америки» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով տարածաշրջան համանախագահների ներկայիս այցի և Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի մասին:
«Ներկայիս այցը մեր պարբերական այցերի բաղկացուցիչ տարրն է: Այսօր(երկուշաբթի) մենք մեկնում ենք Ադրբեջանից և ժամանելու ենք Հայաստան Հայաստանի նախագահի հետ հանդիպելու համար:
Ինչպես հայտնի է նոյեմբերին Վիենայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք ցանկանում ենք, որ նախագահների միջև հանդիպումները շարունակվեն: Մենք ծրագրում ենք և սպասում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա եկող տարվա սկզբին»,- նշել է Ուորլիքը:
Հարցին, թե որտեղ և երբ է ծրագրվում անցկացնել երկու պետության ղեկավարների հանդիպումը, Ուորլիքը պատասխանել է.«Նախագահների հանդիպման հստակ ամսաթիվը և վայրը դեռևս հայտնի չէ: Սակայն պետությունների ԱԳ նախարարները այս առումով քննարկումներ են անցկացնում և հուսով ենք, որ հարցը շուտով կպարզվի: Վիենայում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկխոսությունը վերականգնվել է և այն կարևոր է երկարատև կարգավորման հասնելու համար: Արդեն նկատվում է երկխոսությունների վերսկսման դրական հետևանքները: Մասնավորապես նվազել է պատահարների և մահվան դեպքերի թիվը զորքերի շփման գծում: Նկատելիորեն նվազել է պետությունների ղեկավարների ռազմական հռետորությունը: Այս ամենը կարևոր է երկխոսության հաստատման համար, կորուստների և լարվածության պակասեցման համար»,- նշել է Ուորլիքը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան նոր առաջարկություններ, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունների համար Ուորլիքը պատասխանել է.«Իհարկե մենք մեր կողմից նոր գաղափարների կողմնակից ենք: Սակայն ինչպես և ինչ ձևաչափով լուծել այդ խնդիրները կողմերը պետք է որոշեն անձամբ: Մինսկի խմբի առաջադրանքը կայանում է նրանց օժանդակություն տրամադրելը: Եթե կողմերը ցանկանան լուծել խնդիրները ներկայիս շրջանակներում, ապա մենք կարող ենք օգնել նրանց: Իսկ եթե նրանք ցանկանում են այն անել նոր ճանապարհների, ձևաչափերի հիման վրա, ապա մենք դրանում էլ կօգնենք»:
«ԵՎ Ադրբեջանը, և Հայասանը ձգտում են լուծման, որը պատասխանում է իրենց երկրների հետաքրքրություններին և կառուցում են իրենց դիրքերը դրանց համապատասխան: Մենք որպես միջնորդներ ցանկանում ենք հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որ համապատասխանի բոլոր կողմերի հետաքրքրություններին»:
Նրա խոսքերով պատերազմը ծանր կնստի երկու կողմերի վրա էլ և խոսքը միայն մարդկային զոհերի մասին չէ:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակի վերացումը կօժանդակեր ներդրումների բարձրացման, երկու ժողովրդի նյութական բարեկեցության բարելավմանը:
«Թե Երևանում, թե Բաքվում բանակցություններում ես զգացել եմ նախագահների ցանկությունը գտնել այնպիսի ուղի, որը կապահովի երկարատև խաղաղություն»,- նշել է Ուորլիքը:
Հնարավոր է արդյոք նոր նախաձեռնություններ ԱՄՆ-ի կողմից:
Պատասխանելով հարցին Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ հիմնական գերակայությունը Մինսկի խմբի միջոցով խաղաղ կարգավորման հասնելն է:
Անդրադառնալով Թուրքիայի դերին հակամարտության կարգավորման հարցում և թուրք-հայկական սահմանի բացման ազդեցության կարգավորման խաղաղ գործընթացի վրա Ուորլիքը նշել է, որ Թուրքիան թե Ադրբեջանի, թե Հայաստանի հարևանն է:
«Ինչպիսի դեր կարող է խաղալ Թուրքիան հակամարտության կարգավորման մեջ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Սակայն Թուրքիան ինչ-որ պահի կարող է որոշակի դեր ունենալ»,- ասել է Ուորլիքը:
Մեկնաբանելով մի շարք փորձագետների այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է մինչև չփոխվի Ռուսաստանի դիրքորոշումը Ուորլիքը նկատել է.«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ռուս համանախագահի հետ: Նա երկար ժամանակ զբաղվում է այս հարցով և փորձառու դիվանագետ է: Լեռնային հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են: ԱՄՆ, Ֆրանսիան և ԵՄ որպես գործընկերներ նույնպես նույն մոտեցումն ունեն: Ինչ վերաբերվում է, թե ինչպես հասնել կարգավորման, ապա այդ առաջադրանքը դրված է անձամբ հակամարտության կողմերի, այլ ոչ ինչ-որ մի պետության վրա»: