«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) գրեթե մեկ շաբաթ տեւած ստուգումներն արդեն դադարեցվել են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու։ Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն։ Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել։
Շուկայի աշխատակիցների շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ստուգումներն այլ պատճառով են դադարեցվել։ Նրանց խոսքով՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է։
Այսպիսով՝ Վաղարշին ներկայացված 70 մլն դրամ տուգանքով կարգավորվեցին ոսկու շուկայի սանիտարահիգիենիկ, հրդեհավտանգ խնդիրները, քանի որ իշխանությունները կատարեցին իրենց գերխնդիրը՝ Ամանորի նախաշեմին պետբյուջեն լցնել։ Բացի այդ՝ մի քանի տասնյակ ոսկերիչների անունով արձանագրություն է կազմվել։ Նաեւ որոշվել է, որ 2014-ի հունվարից ոսկերիչները գազով աշխատելու համար պետք է լիցենզիա ձեռք բերեն։ Իսկ մինչ այդ տնօրինությունն արդեն բարձրացրել է տաղավարների վարձերը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում