«2008թ-ից սկսած Հայաստանը բանակցել է գազի հարցի վերաբերյալ իրանական կողմի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա տեղեկացրեց, որ բանակցել է Իրանի տարբեր մարմինների հետ, սակայն որևէ արդյունքի չեն եկել: «Իրանական կողմը չէր կարող գազի գնի արտոնյալ սկզբունքներ կիրառել հարևան երկրների համար, դա կխաթարի իրենց հեղինակությունը, ուստի առաջանում էր 400 դոլարից բարձր գին, դրա համար ընտրեցինք այս ճանապարհը: Ամբողջ բանակցությունների ընթացքում հնարավոր եղավ պահել բազային գինը՝ 189 դոլար սահմանի վրա»,- տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե ինչու ԱԺ-ին տեղյակ չի պահվել գոյացած 300 մլն պարտքի մասին, նա արձագանքեց. «Գաղտնի չէր պահվում, միշտ էլ ասել ենք, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում, իսկ ո՞վ է հարցրել, որ չենք ասել»:

Ինչ վերաբերում է մատակարարվող գազի որակին, ապա նախարարը տեղեկացրեց, որ արդեն կա սարք, որը թույլ է տալիս չափել գազի կալորիականությունը: