Մաս 1-ը այստեղ`.
Զորան Դջինդջիչ
2000 թ.-ի հոկտեմբերին Բելգրադի փողոցներում կատաղի բողոքի ցույցեր էին անցկացվում: Ցուցարարները պահանջում էին Սերբիայի տխրահռչակ նախագահի` Սլոբոդան Միլոշևիչի հեռացումը: Շարժումը գլխավորում էր փիլիսոփայության նախկին ուսուցիչ Զորան Դջինդջիչը: 1996 թ.-ին Դջինդջիչը դարձավ Բելգրադի առաջին քաղաքապետը, ով կոմունիստ չէր: Երբ Միլոշևիչը փորձեց անտեսել ընտրությունների արդյունքները, Զորանը երեք ամիս շարունակ ամեն օր բողոքի ցույցեր էր կազմակերպում: Միլոշևիչը ստիպված էր թույլ տալ Դջինդջիչին զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: 2000 թ.-ին իրենց բողոքի ձայնը բարձրացնող ցուցարարները կրկին հաղթեցին, և Դջինդջիչը դարձավ Սերբիայի առաջին հետխորհրդային կառավարության վարչապետը:
Վարչապետ աշխատելու տարիներին Դջինդջիչը բազում բարեփոխումներ իրականացրեց: Նա պայքարում էր տնտեսական համակարգը մոդեռնացնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու համար: 2001 թ.-ին նա ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի Միլոշևիչն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրի Հաագայի պատերազմական հանցագործությունների համար:
2003 թ.-ին նա պետք է հանդիպեր Շվեդիայի արտաքին գործերի նախարար Աննա Լինդի հետ: Մեքենայից դուրս գալիս դիպուկահարը նրա ուղղությամբ գնդակ արձակեց, որը խոցեց նրա սիրտը: Նա տեղում մահացավ: 2007 թ.-ին Միորադ Ուլեմեկը ազատազրկման դատապարտվեց Դջինդջինի սպանությունը պատվիրելու համար: Այն մարդը, ով սպանել էր Դջինդջինին` Զվեզդան Յովանովիչը, ասաց, որ չի զղջում իր կատարած հանցագործության համար:
3 Փոլ Խլեբնիկով
Փոլ Խլեբնիկովն ուղնուծուծով լրագրող էր: Նա ծնվել էր Նյու-Յորքում` ռուսների ընտանիքում: 1989 թ.-ին նա միացել էր Forbes Magazine-ին և ճանաչում էր ձեռք բերել` ներկայացնելով այն կոռուպցիան, որով ողողված էին ռուսական բիզնեսները իննսունականներին: Նա հաճախ էր մահվան սպառնալիքներ ստանում: Ազդեցիկ օլիգարխ Բորիս Բերեզովսկու մասին հոդվածներ հրապարակելուց հետո Խլեբնիկովը փախավ Ռուսաստանից: Կարճ ժամանակ անց, նա վերադարձավ և նշանակվեց «Forbes»-ի ռուսական նոր հրատարակչության խմբագրի պաշտոնում: Մի տարի անց, երբ նա գիշերով տուն էր վերադառնում, մի ավտոմեքենա դանդաղեցրեց ընթացքը, և մեքենայի ուղևորը 4 կրակոց արձակեց Խլեբնիկովի ուղղությամբ: Նրան հասցրին հիվանդանոց, սակայն վիրահատարան տանելու ժամանակ վերելակը փչացավ, և Խլեբնիկովը մահացավ:
Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով էր մարդասպանը: 2003 թ.-ին Խլեբնիկովը հրատարակել էր մի գիրք, որում զետեղված էին չեչեն ապստամբ առաջնորդ Խոժ-Ահմեդ Նուքաևի հարցազրույցները: Ռուսաստանում սպանության մեջ հենց նրան էին կասկածում:
Ռութ Ֆըրսթ
1982 թ. օգոստոսի 17-ին մի ծանրոց բերեցին Մոզամբիկի Մապուտո քաղաքում գտնվող Էդուարդո Մոնդլանեի համալսարան: Այն ուղղված էր Ռութ Ֆըրսթին` աֆրիկագիտության կենտրոնի տնօրենին: Երբ նա բացեց ծանրոցը, ներսում գտնվող ռումբը պայթեց, ինչի արդյունքում Ֆըրսթը մահացավ: Մի տասնամյակ անց Հարավային Աֆրիկայի Ճշմարտության և հաշտության հանձնաժողովը պարզեց, որ ռմբակոծության պատվիրատուն Քրեյգ Վիլյամսոնն էր: Նա ոստիկանապետ էր և Հարավային Աֆրիկայի ապարտեիդ կառավարության լրտեսը:
Դեռևս 40 տարի առաջ Հարավային Աֆրիկայում գտնվող Վիթվաթերսթրենդի համալսարանի երիտասարդ ուսանողուհին մտադրվել էր պայքարել անարդարության և անհավասարության դեմ: Շատերը կկարծեին, թե Ռութի պես փխրուն կինը չի համապատասխանում ապարտեիդի դեմ ապստամբած մարդու կերպարին:
Ֆըրսթն իր վրա կրում էր իր ծնողների ազդեցությունը, ովքեր ներկայացնում էին քաղաքական ձախ թևը և ընդդիմություն էին հարավաֆրիկյան կառավարության համար: Վիթվաթերսրենդի համալսարանում Ֆըրսթը սովորում էր այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Էդուարդո Մոնդլանեն և Ջո Սլովոն:
Թե՛ Ֆըրսթը, թե՛ Սլովոն կոմունիստ էին և դեմ էին ապարտեիդին: 1949 թ.-ին նրանք ամուսնացան և սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել կոմունիստական կուսակցությունում, որը աֆրիկյան Ազգային կոնգրեսի դաշնակիցն էր՝ ապարտեիդի դեմ մղվող պայքարում: Ֆըրսթը լրագրող դարձավ և ճանաչում ձեռք բերեց երկրի սևամորթ բնակչության հանդեպ տարվող հալածանքների մասին պատմող հոդվածների շնորհիվ: 1960 թ.-ին նա մեկնեց երկրից, սակայն շուտով վերադարձավ: 1963 թ.-ին նրան ձերբակալեցին և երեք ամիս առանց դատավարական գործընթաց սկսելու պահեցին մեկուսարանում: Բանտից դուրս գալուն պես նրան կրկին ձերբակալեցին, և նա ևս մի ամիս անցկացրեց բանտում: Այս ժամանակամիջոցում Ֆըրսթը փորձեց ինքնասպանություն գործել, և նրա տարեց հայրը ստիպված էր լքել երկիրը:
Ազատվելուց հետո Ֆըրսթը վտարանդի դարձավ: Նա նախ Լոնդոն մեկնեց, ապա` Մոզամբիկ: Նա հակաապարտեիդյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: 1982 թ.-ի այդ ճակատագրական օրը Ջո Ռեվենը Քրեյգ Վիլյամսոնի պատվերով պայթուցիկ սարք տեղադրեց այն ծանրոցի մեջ, որը հասցեագրված էր Ֆըրսթին: Հետագայում Ֆըրսթի սպանության մեջ մեղավոր ճանաչված այս երկու հանցագործներին համաներում շնորհվեց:
Լոունես Մաթուբ
Երաժշտությունը մարդկանց հուզելու հատկություն ունի: Հենց դրա շնորհիվ էլ այն հաճախ օգտագործվում է որպես հզոր և վտանգավոր քաղաքական գործիք: Լունես Մաթուբն իր ողջ կյանքի ընթացքում օգտագործել է երաժշտության ուժը բնակչության մարգինալացված և ճնշված մասի մասին բարձրաձայնելու համար: Լինելով Ալժիրի ամենահայտնի երաժիշտներից մեկը`Մաթուբը Բերբեր Քաբիլ էթնիկ խմբի անդամն էր: Նա կառավարության վարած քաղաքականության հանդեպ զզվանքով էր լցվել դեռևս երիտասարդ հասակում, երբ Բերբերի երեխաներին ստիպում էին դպրոցներում միայն արաբերեն սովորել: Հայրենասեր Մաթուբը սրան արձագանքեց դասերից բացակայելով: Հետագա կյանքի ընթացքում նա հպարտանում էր, որ արաբերեն մի բառ անգամ չգիտի:
Մաթուբը վիրտուոզ էր: Նա առաջին անգամ համերգային ելույթ ունեցավ 1980 թ.-ին` բողոքի ցույցերի ժամանակաշրջանում, որը հայտնի է Բերբերի գարուն անունով: Իր երգերի խոսքերով Մաթուբը անխնա ծաղրում էր Ալժիրում վարվող քաղաքականությունը: Հենց դրա համար էլ նրան անվանեցին «Քաբիլի Առյուծ»: Մաթուբը պայքարում էր հանուն ժողովրդավարության և կրոնական հանդուրժողականության:
Երբ Ալժիրում կառավարության և իսլամիստ գրոհայինների միջև քաղաքացիական պատերազմ էր սկսում, Մաթուբը թշնամիներ ուներ պատերազմող երկու կողմերում էլ: Ֆրանսիական հեռուստատեսությամբ տված հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասաց, որ ինքը արաբ չէ և պարտավոր չէ մահմեդական լինել: 1988 թ.-ին մի ոստիկան կրակեց նրա ստամոքսին: Ստացած վնասվածքից ապաքինվելու համար երկու տարի պահանջվեց: Այդ ժամանակաշրջանում կառավարությունը փորձում էր արատավորել նրա անունը` պնդելով, թե նա նույնասեռական, հարբեցող և լրտես է: 1994 թ.-ին իսլամիստ գրոհայինները առևանգեցին նրան և որոշեցին մահվան դատապարտել իբրև «աստծո թշնամի»: Երկու շաբաթ անց իսլամիստները ստիպված էին ազատ արձակել նրան, քանի որ Բերբերի համայնքը սպառնում էր իսլամիստ ապստամբների դեմ պատերազմ հայտարարել, եթե Մաթուբին ազատ չարձակեին:
Երեք տարի անց Մաթուբը մեքենայով իր ընտանիքի հետ տուն էր վերադառնում, երբ անհայտ անձինք 78 փամփուշտներով գնդակոծեցին նրա մեքենան: Նրա կինն ու երկու քույրերը հրաշքով փրկվեցին, սակայն Մաթուբը մահացավ: Նրա հուղարկավորությանն ավելի քան 50.000 մարդ էր մասնակցում, իսկ Քաբիլ շրջանում օրեր շարունակ կատաղի ցույցեր էին ընթանում: Այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ով էր մեղավոր Մաթուբի մահվան մեջ: Հիմնական կասկածն ընկնում էր կառավարության և իսլամիստ գրոհայինների վրա: Թաղման ժամանակ Մաթուբի ընտանիքը միացրեց Մաթուբի վերջին ձայնագրություններից մեկը` Ալժիրի ազգային հիմնի նմանակումը: Մի քանի օր անց կառավարությունը ընդունեց մի օրենք, որի համաձայն արաբերենը հռչակվում էր երկրի միակ պաշտոնական լեզուն:
Աղբյուր` Ավելին քան փաստեր