Խոսելով 2013 թվականի մասին` կարելի է նաև ամփոփել որպես գործող վարչախմբի 16 տարվա գործունեության հանգրվան` 10 տարի Ռոբերտ Քոչարյան, 6 տարի` Սերժ Սարգսյան: Այս կարծիքին է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ում համոզմամբ` հանգրվանը շատ անփառունակ է բոլոր ոլորտներում` և արտաքին քաղաքականության, և տնտեսական, և ժողովրդավարության զարգացման, և մարդու իրավունքների:
Մակեյանի դիտարկմամբ` արտաքին քաղաքականությունն իր վերջնական արդյունքին հասավ սեպտեմբերի 3-ին` Սերժ Սարգսյանի` Մոսկվայում կատարած հայտարարության հետ:
«Արևմուտքի և Ռուսաստանի հետ կոմպրոմենտարիզմի արդյունքում երկիրը հասցրեցին երկու հզոր ուժային կենտրոնների բախման կիզակետ: Սեպտեմբերի 3-ը նաև մի բան ի ցույց դրեց, որ եթե 98 թվականից սկսվել էր կլանային իշխանության ձևավորումը, կուսակցական շղարշը հիմնականում Հանրապետականն էր, երբեմն նաև օգտագործվում էր կողքից կուսակցություններ` Արևմուտքին ցույց տալու, որ կոալիցիոն իշխանություն է ձևավորվում, բայց իրականում դա շղարշ էր, գործում էր 1 կլանի իշխանություն: Սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ կլանային իշխանությունը մեկ անձի` Սերժ Սարգսյանի իշխանությունն է»,- արտաքին քաղաքականության մասին իր կարծիքը հայտնեց Մակեյանը:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Մակեյանը նշեց, որ տնտեսությունում ամբողջ ոլորտը հանձնված է օլիգարխներին: Նրա համոզմամբ` եթե ինչ որ բան մնացել է տնտեսական համակարգում առերևույթ օլիգարխիայի հսկողությունից դուրս, միևնույնն է` անտեսանելի ձևով նրանցից մեկը վերահսկում է:
«Կառավարության անդամները, վարչապետն ու քաղաքապետն, օգտագործելով իրենց իշխանական լծակները, դառնում են օլիգարխներ: Ինչ վերաբերում է վարչապետի օֆշորային սկանդալին, նորմալ երկրում նա մինիմալը պետք է հրաժարվի իր պաշտոնից, էլ չեմ խոսում մնացած գործընթացների մասին: Եվ այս նույն վարչապետի 6 տարվա «բարեփոխումների» ընթացքում այսօր մեր երկիրը 4 մլրդ-ից ավել արտաքին պարտք է կուտակել»,- իր խոսքում նշեց Մակեյանը` հավելելով, որ ժոցովուրդը, կարծես թե, գիպնոզի տակ գնում է Հանրապետականների հետևից: Նրա գնահատմամբ` դա աբսուրդի աստիճանի անբացատրելի երևույթ է: Մակեյանի համոզմամբ` դա փողն է, լծակներն են, ուժն ու զորբայությունն են:
Պետրոս Մակեյանի կարծիքով ելքն այն է, որ իր գործունեության ձևը պետք է փոխի քաղաքական ընդդիմությունը` առաջին հերթին` առարկաներն իրենց անուններով կոչելով և ժողովրդի ակտիվ հատվածին այլ մոդելով փողոց կանչելով:
«Հանրապետության երեք նախագահները` առաջին, երկրորդ և երրորդ, պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, քանի որ այս հանգրվանի պատասխանատուները երեքն են` մեկը շատ, մյուսը` քիչ, բայց երեքն էլ կրում են պատասխանատվություն: Երկրորդ և երրորդ նախագահները ոչ միայն պետք է քաղաքականություն դուրս մղվեն, այլև պատասխանատվության ենթարկվեն իրենց չարագործությունների համար, հատկապես Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Մակեյանը: