«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը երեկ հաղորդագրություն տարածեց, որ նախապատրաստվում է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել եւ ԱԺ ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ նախաձեռնությանը։ Ոչ իշխանական մյուս ուժերը, սակայն, երեկ այնքան էլ ոգեւորված չէին սույն հայտարարությամբ։ Ինչպես երեկ մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում նշել են այդ ուժերի ներկայացուցիչները, իրենք՝ ոչ իշխանական ուժերը, օրեր առաջ հավաքվել եւ քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը եւ որոշվել է, որ պետք է համատեղ հանդես գան նման նախաձեռնությամբ ու իրենցից ոչ մեկը չպետք է առաջ ընկնի։ Երեկ նույն այդ ուժերի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են պաշտոնապես պատասխանել հարցին՝ միանալո՞ւ են ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՝ ոչ։

ՀՀ Սահմանադրության 84 հոդվածի համաձայն՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից։ Այսինքն, 44 ստորագրությամբ այս նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել, եթե, իհարկե, մեկը մյուսից առաջ ընկնելու թեմայով պառակտում չլինի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում