Արդեն երկրորդ տարին անընդմեջ Թուրքիան շարունակում է լինել լրագրողներին ազատազրկողների թվով համաշխարհային առաջնորդ: Նրան հետևում են Իրանը և Չինաստանը: Անցած տարվա համեմատ` ձերբակալված լրագրողների թիվը նվազել է, սակայն շարունակում է մնալ մոտ «պատմական ռեկորդին»: Այս մասին նշված է Էլան Բայզերի կողմից պատրաստված «Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի» զեկույցի մեջ:
Համաձայն հանձնաժողովի կատարած ուսումնասիրության Թուրքիայի, Իրանի և Չինաստանի հաշվին է գալիս բոլոր ձերբակալված լրագրողների կեսը: Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի կողմից ամենամյա զեկույցի տվյալների համաձայն 2013 թվականին իրենց լրագրողական աշխատանքը կատարելու պատճառով ձերբակալվել և բանտ են նետվել 211 լրագրող, որը մի փոքր քիչ է, քան նախորդ տարի, երբ ճաղավանդակների հետևում հայտնվել էր 232 լրագրող:
Իշխանությունների նկատմամբ քննադատության իրենց անհանդուրժողականությամբ հայտնի Անկարան, Թեհրանը և Պեկինը բանտ են նստացրել ընդհանուր առմամբ 107 լրագրող, բլոգեր և խմբագրի: Մասնավորապես Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը հասնում է 40-ի, Իրանում` 35, իսկ Չինաստանում 32: Ընդ որում եթե Իրանում և Թուրքիայում ձերբակալված լրագրողների թիվը նվազել է, ապա Չինաստանում ոչ մի փոփոխություն չի եղել:
Աշխարհում լրագրողների ձերբակալած պետությունների տասնյակում մտնում են նաև Էրիթրեան, Վիետնամը, Սիրիան, Ադրբեջանը, Եթովպիան, Եգիպտոսը և Ուզբեկստանը:
Ադրբեջանական բանտերում է գտնվում շուրջ ութ լրագրող:
Հետաքրքիր է, որ ձերբակալված լրագրողների կեսից ավելին 106-ը աշխատել են համացանցային, իսկ 72-ը տպագրվող լրատվամիջոցներում:
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ չի կարելի բանտ նստացնել լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար: Ձերբակալված լրագրող ունեցող յուրաքանչյուր պետություն ուղարկած բողոքի նամակում կազմակերպությունը իր լուրջ մտահոգությունն է հայտնել կապված ձերբակալությունների հետ: Վերջին տարվա ընթացքում շուրջ 39 լրագրող է ազատ արձակվել աշխարհի տարբեր պետություններում Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի իրավապաշտպան գործութնեության շնորհիվ: