Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ շենքի առջև բողոքի ակցիա են անում քաղաքացիները՝ բողոքելով իր բնորոշմամբ հակապետական համաձայնագրի դեմ, որն էլ քննարկվում է նիստում:

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը տասնյակ մարդկանց բերման է ենթարկել.

«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին»,- ասաց Փաշինյանը: 

Դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց. 

«ԱԺ-ում լսումներ տեղի ունեցան և Դուք ասացիք, որ գազի գինը փոխվել է 2011-ի ապրիլի 1-ից, և դա տեղի է ունեցել ձեր մասնակցությամբ, հետո երբ հարցրին՝ ինչու՞ չեք ասել, ասացիք՝ ով է հարցրել: Հարցրել եմ ես, լրագրողները, Դուք հերքել եք այդ փաստը, հիմա էլի ԱԺ պատգամավորների հարցերին անընդհատ կոնկրետ պատասխաններ չեք տալիս: Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը:
Չե՞ք կարծում, որ «կրուտիտն» այն ժանրը չէ, որով նախարարը պետք է շփվի ԱԺ-ի հետ: Ես ձեզ հարց չունեմ տալու, քանի որ Դուք նորմալ չեք պատասխանում»: