Աստղերը մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում: Մարդիկ հիանում են նրանցով, ձգտում նմանվել նրանց, քննարկում նրանց անձնական կյանքը: Սակայն որոշ դեպքերում աստղերը առևանգիչների և մարդասպանների թիրախն են դառնում: Բարեբախտաբար, նրանց դեմ ուղղված դավադրությունները միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում: Ստորև ներկայացված են ձախողված դավադրություններ, որոնք ուղղված են եղել աստղերի դեմ:
Միք Ջագեր
Շատերը գիտեն Ալտամոնտի համերգի մասին: Այս ռոք համերգի ընթացքում ելույթ էին ունենում տարբեր երգիչներ և խմբեր: Համերգը պետք է եզրափակվեր «Ռոուլինգ Սթոունզի» կատարումով: Այս երաժշտական խումբը ցանկացել էր, որպեսզի համերգի ընթացքում անվտանգությունն ապահովեր «Դժոխքի հրեշտակներ» մոտոցիկլիստների (Hell’s Angels) խումբը: Անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու փոխարեն «Դժոխքի հրեշտակներ» խմբի անդամներն այնպես էին ծեծել Մերեդիթ Հանթերին, որ նա մահացել էր: Այս դեպքից հետո Միք Ջագերը որոշեց այլևս երբեք գործ չբռնել «Դժոխքի հրեշտակների» հետ: Վերջիններս չէին կարողանում հաշտվել Միքի այս որոշման հետ: Նրանք որոշեցին վրեժխնդիր լինել Միքից այն բանի համար, որ նա այլևս չէր օգտվում իրենց ծառայություններից: Նրանք նավով ուղևորվեցին դեպի Միքի տուն` նրան սպանելու, սակայն ուժեղ փոթորկի պատճառով նրանք նավից ջուրն ընկան և ձախողեցին սպանության իրենց ծրագիրը:
Ռասել Քրոու
2001 թ.-ին Ալ Քաիդան դավադրություն էր ծրագրում հանրահայտ ամերիկացիների դեմ: Այս ահաբեկչական խմբավորումը պլանավորել էր առևանգել հայտնի ամերիկացիներին` Ամերիկայում խառնաշփոթ ստեղծելու համար: Նրա ցուցակում ներառված էր Ռասել Քրոուի անունը: Ամենազավեշտալին այն է, որ Քրոուն ամերիկացի չէ: «Գլադիատոր» ֆիլմի դերակատարման համար Քրոուին Օսկարի մրցանակ պիտի շնորհեին: Ահաբեկչական խումբը որոշեց առևանգել Քրոուին մրցանակը ստանալու պահին: Ալ Քաիդայի անդամները երբեք էլ չեն խոստովանել, որ իրենք պատրաստվում էին սպանել Քրոուին, սակայն հաշվի առնելով նրանց տխրահռչակ գործունեությունը` դժվար չէ կռահել, որ նրանք չէին հապաղի դա անել: Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ էր Ալ Քաիդայի հանցավոր ծրագրերի մասին և մրցանակաբաշխության ողջ ընթացքում հետևում էր նրան: Այսպիսով, Ալ Քաիդային չհաջողվեց առևանգել հայտնի դերասանին: Քրոուն երևի ուրախ կլիներ
Շոն Ջոնսոն
Շոն Ջոնսոնը օլիմպիական չեմպիոն է: Նա զբաղվել է մարմնամարզությամբ և մասնակցել է «Երբ պարում են աստղերը» պարային մրցույթին: Ռոբերտ Օռայնը որոշել էր առևանգել նրան: Ռոբերտին ձերբակալեցին այն ժամանակ, երբ նա փորձում էր մուտք գործել պարային ստուդիա` Շոնին առևանգելու նպատակով: Նրա մեքենայում հայտնաբերվեցին դանակ, հրացան, պարաններ և զրահաբաճկոն: Ձերբակալվելուց հետո Ռոբերտն ասել էր, որ նա ուղղակի շատ է սիրում Շոնին և ցանկանում էր, որպեսզի իրենք ամուսնանային: Այդ դեպքում տեսնես նրա ինչի՞ն էր պետք այդքան զրահամթերք: Եթե նրանք ամուսնանային, մեղրամիսը շատ կարճ ու շատ կատաղի կլիներ:
Ջուել
Ներկայումս Ջուելն այնքան էլ հայտնի չէ, սակայն մի ժամանակ նա մեծ համբավ էր վայելում իբրև երգչուհի և զվարճալի բանաստեղծ: Մի օր Մայքլ Կոզելկա անունով մեկը` զինված դանակով և շան ուղեկցությամբ, գնում է նրա տեխասյան ագարակը: Նա կարողանում է ագարակից տուն սողոսկել, սակայն նախքան մուտք կգործեր երգչուհու սենյակ, նրան ձերբակալում են: Ձերբակալվելուց հետո Մայքլը փորձում է արդարացնել իրեն` ասելով, որ Աստված է իրեն առաջնորդել դեպի երգչուհու ագարակը: Նա մինչև հիմա կալանավորված է:
Ռայան Սիքրեստ
Չիդի Ուզոմահը զինվորական էր, ով շարունակ հետապնդում էր Սիքրեստին: Անախորժություններից խուսափելու նպատակով Ռայանը անձնական թիկնապահներ էր վարձել: Սակայն այս հանգամանքն այնքան էլ չէր հուզում Ուզոմահին, և նա, դանակը ձեռքին, շարունակում էր հետապնդել Ռայանին: Ի վերջո նրան բերման ենթարկեցին և իր հետապնդումների համար դատապարտեցին առավելագույն ազատազրկման: Դե ինչ, Ռայանն այժմ կարող է հանգիստ շունչ քաշել:
Շարունակելի...
Աղբյուր` Ավելին քան փաստեր