Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 27-ին հայց է ներկայացրել վարչական դատարան` վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը:
«Ժառանգության» առաջնորդը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ` փետրվարի 25-ին ընդունած թիվ թիվ 60-Ա որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ կենտրանական ընտրական հանձնաժողովին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների եւ դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը եւ դրա ծախսերը ներառել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը պահանջել էր ԿԸՀ-ից դիմել դատարան` Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտիրոսյանը, մասնավորապես նշել էր, թե Սերժ Սարգսյանի շտաբը 1600 նախընտրական շտաբ է բացել եւ նույնքան քարոզչական պաստառ տպել այդ շտաբերի համար, եւ այդ գումարը ներառված չի եղել նախընտրական հիմնադրամի մեջ: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների, միայն այդ ծախսն արդեն գերազանցում է նախընտրական հիմնադրամով թույլատրելի 100 մլն դրամը, ուստի Սերժ Սարգսյանի գրանցումը պետք է չեղյալ հայտարարվի: Փետրվարի 25-ին կայացած նիստում ԿԸՀ-ն, բնականաբար, միաձայն մերժել էր Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը:
Վարչական դատարանում գործը քննելու է դատավոր Կարեն Ավետիսյանը, նիստի օրը դեռ նշանակված չէ: