Ապրում ենք՝ գրքերով հեղեղված, մնում է ձեռքդ մեկնես ու վերցնես այն, ինչ պետք է, կամ կարծում ես, որ քեզ պետք է: Տարեմուտի ուղերձների նկատմամբ ես երբևէ առանձնակի հետաքրքրություն չեմ ունեցել. չկարդացած՝ դժվար չէ ենթադրել՝ մոտավորապես ի՞նչ պիտի լինի ներփակը: Խոստովանեմ՝ ինձ այս անգամ հետաքրքրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014-ի տարեմուտի՝ <<Մեր ամրոցում՝ մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ>> վերտառությամբ ուղերձը:

Տարեմուտի լինելուց զատ՝ ուղերձն ակնհայտորեն մարդու մարդացմանն ուղղված մտահոգ պաշտոնյայի հորդոր է, ահազանգ պարունակող զգոնության կոչ՝ ուղղված մեզնից յուրաքանչյուրին, այդ թվում և ինձ՝ իմ գրականության մեջ հետ այսու ևս արծարծելու այս ցավոտ թեման: Այդ իսկ պատճառով եմ արձագանքում:

Աստվածաշունչը սովորեցնում է՝ եթե տղա ես դաստիարակել, ուրեմն մարդ ես դաստիարակել, եթե աղջիկ ես դաստիարակել, ուրեմն սերունդ ես դաստիարակել. այս իմաստախոսությունը ես շատ եմ սիրում, հաճած գործածելուց էլ չեմ հոգնում: Մարդու մեջ ամենից առաջ մենք մարդուն ենք փնտրում՝ լինի մասնագետ, պետական այր... Տարեմուտի ուղերձի առաջին էջին նախարարի ձեռագիր դիմումն է՝ ամանորի շեմին կանգնած հայրենակիցներին, իսկ ես երևակայել իսկ չէի կարող, որ Սեյրան Օհանյանն այդքան գեղեցիկ ձեռագիր ունի. խնդրո առարկա էջերը անվարան կարելի է դիտարկել՝ որպես վայելչագրության օրինակելի նմուշ: Անձնային հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբանների համար ձեռագիրը անխաբ հենք է, հուշարարներից անսխալականը, ճիշտ այնպես, ինչպես դեմքը՝ ֆիզիոգնոմիստի համար: Ուղերձի ընթերցումը չշարունակած՝ ձեռագրից ստացած տպավորությանս մտովի հավելվեց նախարարի խոսքը՝ Լեոնիդ Ազգալդյանի մասին կարդացածս մի հուշապատում: Գաղտնիք չէ՝ եթե անգամ ուրիշի մասին ես խոսում, միևնո՛ւյն է, դու քո՛ մասին ես խոսում: Ապա մտապատկերումս հստակվեց մի դրվագ... Հանկարծամահ էր եղել գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վերջին հրաժեշտի եկած մարդիկ նստած էին գրողների միության դահլիճում: Վիշտը բոլորինս էր, անսպասելի մահը՝ անժամանակ: Դահլիճ մտավ և պաշտպանության նախարարը: Առաջնորդողը՝ հանրությանը հայտնի անձ, պիջակը գցած ձախ ձեռքին, մոտեցավ մեջտեղի շարքերից մեկին՝ ծայրից ծայր զբաղեցված, կանգնեց մեկի գլխին, առանց բառ արտասանելու և մանավանդ խնդրելու՝ մատներն իրար սեղմած աջ ձեռքի դաստակով կարգադրիչ նշան արեց, որ այդ տեղն իսկույն ազատի: Նստած գրողը պատրաստակամ գտնվեց, իսկույն վեր կացավ, որ տեղը զիջեր: Նախարարը մոտեցավ, ձեռքը սիրալիր դրեց գրողի ուսին, կիսաձայն շշնջաց՝ նստեք, ի՞նչ եք անում, այստեղ տեղ կա: Գնաց ու համեստորեն տեղավորվեց հետևի շարքի ազատ մի տեղում: Գրողին, անշո՛ւշտ, հարգել է պետք՝ միշտ և ամենուր: Իսկ անձամբ ինձ՝ որպես գրողի, ամոթ ու համեստություն առաքինությունների անհետացումը, չեմ թաքցնում, խորապես անհանգստացնում է: Ես կուզենայի, որ մեր զինվորները սա անպայման կարդային, և մեջները անձնական ահա այսպիսի նկարագիր ունեցող նախարարին նմանվելու բնականոն ցանկություն առաջանար. մեկը մի օր պիտի դառնա, չէ՞, նախարար, հո Սեյրան Օհանյանը հավերժական չէ, ինչպես ամեն մեկս:

Միջտեսակային և ներտեսակային հարաբերություններում մարդու անձնական օրինակը կարորագույնն է ու ամենից խոսունը: Զինվորն իր սրտի բանականությամբ ևս ականջալուր պիտի լինի փողոցային արատավոր բարքերի դեմ պայքար հայտարարած նախարարի հորդորին, ինչն ավելի քան տեղին է: Յուրաքանչյուր հայ պիտի կարդա այս ուղերձը, որովհետև ամեն մեկն անելիք ունի հայտարարվածում, այդ թվում նաև ես՝ որպես գրող, հրապարակագիր:

Տուն-դպրոց-բանակ-բուհ հասարակություն սեղմ բռունցքի մեջ, կարծում եմ, ճիշտ կլիներ չանտեսել մանկապարտեզի դերը/ իմ երիտասարդության տարիներին՝ մսուր-մանկապարտեզ/: Խրատատուի իրավունք ինձ չեմ վերապահում, ընդամենը կկամենայի հիշեինք Մակարենկոյի մոտ գնացած այն մորը, որն իր երեխային ճիշտ դաստիարակելու խնդրում մանկավարժից ակնկալում էր օգնություն: Երբ վերջինս ճշտում է, որ դաստիարակվելիք երեխան արդեն երկու տարեկան է, մորն ասում է՝ դուք ուղիղ երկու տարի ուշացել եք: Մսուր-մանկապարտեզներո՛ւմ են ձևավորվում նախադրոցական կարևորագույն տարիները: Տեսականից զատ՝ ասածս ճշգրտված է և իմ սեփական կենսափորձով: Ես երեք երեխայի մայր եմ, ունեմ հինգ թոռնիկ, իմ զավակներն իրենք վաղուց արդեն հայր են ու մայր, սակայն մինչև օրս մեծագույն հարգանքով են հիշում իրենց դայակներին, դաստիարակներին: Մեծին կարող ես խաբել, երեխային՝ երբեք: Նրանք նույն ակնածանքով են մտաբերում միջնակարգի ուսուցիչներին, որոնք, բարեբախտաբար, բարոյական կերպար կերտող հեղինակություն են եղել իմ երեխաների համար. Կրուպսկայայաի դպրոցը նաև դրանո՛վ էր առանձնանում՝ նախանձելի մանկավարժական որակով: Ձեռք ձեռքի տված ենք դաստիարակել, գործառույթ, ուր հայեցի դաստիարակությունը, ազգային դիմագիծ չեղծող հանդուրժողականությունը ուրույն տեղ են զբաղեցրել: Ե՛ս էլ եմ գլխահակ խոնարհումով հիշում նրանց, երեխաներիս ուսուցիչներից առաջ՝ ի՛մ ուսուցիչներին: Անձնական օրինակ ներառող հայեցի դաստիարակության հիմքերը այնտե՛ղ են դրվում՝ գենից, ժառանգականությունից, ընտանիքից զատ:
Պաշտպանության նախարարի համաժողովրդական միասնության հորդորը ինձ հիշեցրեց հայերիս միասնության այն աննախադեպ ժամանակահատվածը, որը ոչ մի հայ չի մոռանա. համաժողովրդական միասնությունը հիանալի՜ առավելություն է, անխորտակելի ուժ, ինչի հետ ոչինչ չի համեմատվի: Այդ միասնությունը այն ուժն է, որ թույլ չի տա մեր միջի հաղթական ոգին հանկարծ ընկրկի: Իսկ երբ քաղաքացիական գիտակցությունը համատարած ու բոլորիս մեջ արմատավորվի, հայրենասիրության պակաս հաստա՛տ չի լինի: Օրվա հրամայական պայքարին՝ նախարարի հայտարարած պայքար <<հասարակության դեմ>>՝ ի շահ հասարակությանը, այսինքն՝ փողոցային արատավոր բարքերի դեմ, վաղո՛ւց էր պետք լծվել. շահա՜ծ կապրեինք:

Քաղաքագետները, կարծում եմ, քաջածանոթ պիտի լինեն պետության հզորության Յաբլոնսկու բանաձևին, ուր հաշվարկվողը՝ պետության հզորությունը, գոյանում է կարևորագույն համարվող զույգ գումարների արտադրյալից. գումար գոյացրած առաջին խումբն, ի դեպ, իրենից ներկայացնում է երեք գումարելիների գումար՝ բնակչության և տարածքի, տնտեսական կարողության, ռազմական կարողության, իսկ երկրորդ գումարն ամբողջանում է հեռագնա նպատակ և ազգային հեռագնա նպատակ գումարելիներից՝ վերջիններիս գումարը բարձրացրած չորս աստիճան: Այսինքն պետության հզորությունը առաջին և երկրորդ գումարի բազմապատկումից ստացված արտադրյալն է: Մեզնից յուրաքանչյուրը պիտի ապրի սեփական անձի նշանակալիության պատասխանատվությամբ ու հավատով, ինքներս մեզ պիտի զգանք անփոխարինելի կաթիլն այն ամբոջականի, որից ճակատագրորե՛ն է կախված մեր անկախ պետականության հզորությունը: Զրո արտադրյալ չգոյացնելը պիտի մտահոգի հայրենիքի ամեն մի պաշտպանի: Հայեցի դաստիարակությամբ փայլող զինվորն իր մտահոգությունը պիտի չեզոքացնի գործով, ո՛չ բառով, որովհետև հավատ ներշնչողը մարդու արածն է, ո՛չ ասածը: Պետության հզորության կայացման մեջ մարդն իրեն կաթիլ պիտի զգա:

Ցանկությունս է, որ մենք՝ ողջամտությանն ապավինողներս, 2014-ին ազգովի ունենանք այլ մտահոգություններ, հատկապես արատավոր բարքերից թոթափված ամրոց-Ազգային բանակ, իսկ առհասարակ մտահոգություն չունենալը անհնարին է բոլո՛ր հասարակարգերում, բոլո՛ր ժամանակներում: Շնորհավոր ամանոր:

ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի գրողների միության,
Հայաստանի ժուռնալիստների միության,
Ժուռնալիստների միջազգային միության,
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ