ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեց 2013 թվականը, առանձնացնելով թոփ ձախողումների շարքը:
Նա ձախողումները սկսեց ՏԻՄ եւ նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներից, ապա անցում կատարեց տաքսիստների հետ կապված զարգացումներին, Երեւանում կարմիր գծանշումների պատմությանը, ապա` մասնավորի գնացող կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը: «Հաջորդը թոփ առումով գազի գինն է եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի օտարումը: Դա ամենամեծ քյալլագյոզությունն էր»,- նշեց Արամ Մանուկյանը:
Սկանդալների շարքում, ըստ նրա տեղ ունի նաև Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունը, որը ցնցեց ամբողջ աշխարհը եւ առայսօր կախված է օդում: «Մյուսը Հայաստանում համատարած կոռուպցիան է, որը քայքայում է մեր երկիրը, որի արդյունքում մեր երկիրը ցեց ընկած, կարկատված տեսք ունի»,- նշեց Արամ Մանուկյանը:
Խոսելով վերջին երկուձախողումներից, նա ասաց, որ դա հայոց լեզվի նկատամբ խայտառակ վերաբերմունքն է, որն արտահայտվել է նաեւ ԿԳ նախարարի ելույթներում: Իսկ ամենասարսափելին, ըստ նրա, արտագաղթն է, որն ահռելի տեմպերի է հասել:
Որպես 2013-ի հաջողություն, Արամ Մանուկյանն առանձնացրեց ԱԺ-ում չորս խմբակցությունների համատեղ աշխատանքը, որի արդյունքում առաջին անգամ թույլ չեն տվել, որ իշխանությունն իր քվեարկությունն անցկացնի: Նա նաև հաջողություն է համարում լրագրողների ակցիան ԱԺ-ում:
«Իսկ Սերժ Սարգսյանի վիճակը ծայրահեղ վատ է: Դրսից փող չեն տալիս, ներսից չի կարողանում հավաքել: Իսկ ինքը առանց փողի ապրել չի կարող»,- ընդգծեց Արամ Մանուկյանը: