Երեկ Մոսկվայում ստորագրվեց երկրորդ հակահայկական փաստաթուղթը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, հավելելով, որ Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին գոյություն չունեն` նրանք ռուսական իշխանության ներկայացուցիչներն են Հայաստանում:
Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ եթե Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու գործընթաներն ավարտվեն, ՀՀ սահմանադրությունը չի գործելու, և դրան բոլոր սատարողները կանգնելու են օրենքից դուրս վիճակում: «Ես երբևէ քաղաքական թեմաներով դավաճանություն արտահայտությունը չեմ ասել, բայց կարծում եմ` մյուս տարի արդեն ոչ միայն ես, այլ շատերը կխոսեն իրավական դավաճանության մասին»,- ասաց Շահնազարյանը:
Անդրադառնալով երկուշաբթի օրը ԱԺ-ում գազային համաձայնագրի քվեարկության արդյունքներին` Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ քվեարկությունը իրավական ուժ չունի, սակայն իշխանություններն այն օրինական կհամարեն, իսկ ընդդիմադիր պատգամավորների ջանքերը` դիմել Սահմանադրական դատարան, ապարդյուն կանցնի:
«Մենք ունենք նաև երիտասարդություն, որը չի ընդունում այս իրավիճակը, հասարակության այդ հատվածի մեջ ես ուզում եմ նշել նաև լրագրողներին: Ես բարձր եմ գնահատում այն լրագրողներին, ովքեր կազմակերպեցին այդ ակցիան խորհրդարանում»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքացիական որոշ շրջանակների այն դիրքորոշմանը, որ ԱԺ պատգամավորները պիտի վայր դնեն իրենց մանդատները` Շահնազարյանը նշեց, որ եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա ճգնաժամ կառաջացնի, և ստիպված կլինեն խորհրդարանական ընտրություններ անցկանցել:
Շահնազարյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությունը հանձնվեց Ռուսաստանին, իսկ Սերժ Սարգսյանը նրան հանձնեց պետականությունը: