Ֆրանսիայի հարավում գտնվող Կանն քաղաքում ապրող թոշակառուն փողոցում գտել է 10 հազար եվրոյի ծրար և այն տարել ոստիկանության բաժանմունք:
«Ես ընթրել էի աղջկաս հետ և վերադառնում էի տուն: Ես պատրաստվում էի մեկնել ավտոբուսով, սակայն մի քիչ հետ մնացի և չհասցրեցի: Քանի որ սիրում եմ քայլել, ապա որոշեցի քայելելով հասնել տուն: Գետնի վրա գտա փողերով ծրար: Քանի որ արդեն ուշ էր և մոտաայքում ոչ մեկ չկար, վերցրեցի ծրարը»,- նշել է թոշակառուն:
Տանը տղամարդը փորձել է հաշվել գումարը, սակայն ամեն անգամ չի կարողացել: Այս մասին գրում է Nice-Matin պարբերականը: Թոշակառուն պատմել է, որ զարմացել է՝ տեսնելով ահռելի քանակի գումարը:

Քանի որ ծրարի վրա գրված չի եղել, թե փողերը ում են պատկանում, տարեց ֆրանսիացին հաջորդ օրը առավոտյան գտած փողը տարել է ոստիկանություն:
Պարբերականը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Հոդվածում նաև շեշտվում է, որ ոստիկանությունը նույնպես մեծ զարմանք է ապրել, երբ իմացել է, որ ոչ հարուստ թոշակառուն որոշել է արդար կերպով վարվել և վերադարձնել ահռելի քանակի գումարը:
Այդպիսի մի բան էլ տեղի է ունեցել սեպտեմբերին ԱՄՆ-ում: Անօթևանը գտել էր 40 հազար դոլարով պայուսակ և վերադարձրել էր այն տիրոջը: Այդպիսի վարքագծով ցնցված ամերիկացիները երկու օրվա մեջ տղամարդու համար հավաքել էին շուրջ 92 հազար դոլար: