2013 թվականի առաջին կեսը սկսվեց շատ լավ: Դոնեցկի Շախտյորի կազմում գրավեցի բոլոր հնարավոր մրցանակները: Հյուրընկալվելով Արմենիա թի-վիի «Ֆուտբոլի ժամը» հաղորդմանը, և ամփոփելով տարին, այս մասին նշեց Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Տարվա երկրորդ մասը սկսվեց ավելի դժվարություններով, որը կապված էր նոր ակումբ տեղափոխության հետ, սակայն հուսով եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսը կլինի ավելի հաջող քան այս տարվա երկրորդ կեսը», - նշեց ֆուտբոլիստը:

Խոսելով Դորտմունդի Բորուսիայի նահանջի մասին, նա նշեց, որ հիմնականում դա կապված է ֆուտբոլիստների վնասվածքների հետ, քանի որ բացակայում են մի քանի առանցքային ֆուտբոլիստներ: Պատասխանելով այն հարցին, թե դա միա՞յն վնասվածքների խնդիրն է, թե՞ կան նաև ներքին խնդիրներ, այդ թվում՝ փոխհարաբերությունների, Մխիթարյանը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ Բորուսիայում բոլորը հարգանքով են վերաբերվում միմյանց և այդպիսի խնդիրներ չկան:


Նրա խոսքերով, Դորտմունդի Բորուսիան ձգտում է առաջ գնալ ոչ միայն Բունդեսլիգայի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում, այլ նաև՝ Գավաթի խաղերում: «Պետք է կարողանանք պայքարել մինչ վերջին խաղը և ապացուցենք, որ կարողանում ենք դիմակայել բոլորին: «Բայերն» ունի շատ լավ թիմ և մարզիչ և պետք է ապացուցենք, որ կարող ենք դիմակայել նաև այդպիսի թիմի», - նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերջերս իր մոտ գոլեր հեղինակել չի ստացվում, նա նախ նշեց, որ չի կենտրոնանում գոլերի վրա, այլ այս պահին աշխատում է խաղը բարելավելու վրա: «Եթե դա բարելավվի, կլինեն նաև գոլեր և գոլային փոխանցումներ: Շախտյորում նույնպես այդպես էր, սկզբում գոլերը քիչ էին, ուղղակի շատ աշխատել է պետք ինչը և անում եմ, չնայած ոչ բոլոր դեպքերում է շատ աշխատանքն արդյունք տալիս», - նշեց նա: