«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում էկոնոմիկայի նախարարության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախումների հետ ընկերության նախագահ Վաղարշ Աբրահամյանը համաձայն չէ։
Հիշեցնենք, որ նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը հայտարարել է, որ ոսկու շուկայում իրականարած ստուգումների արդյունքում բացահայտած խախտումների համար ընկերությանը 95 միլիոն դրամի չափով տուգանք է սպառնում։ Վաղարշ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն համաձայն չէ նախագծի հետ, այլեւ պատիվ է պահանջելու դեռ ակտը չկազմված՝ իր բարի համբավն արատավորելու համար։
Պարոն Աբրահամյան, օբյեկտի՞վ թիվ է 95 միլիոն դրամի տուգանքը։
Իհարկե՝ ոչ։
Դուք տեսչության կողմից նշված խախտումներից ո՞ր կետի հետ համաձայն չեք։
Ոչ մեկի։ «Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնում խախտումներ չկան։
Ձեզ հետ նախագիծը չե՞ն քննարկել։
Բացարձակ չեն քննարկել։ Ես առարկությունները կներկայացնեմ, իրենք ինձ ակտը կբերեն։
Դուք բողոքարկելու հնարավորություն ունե՞ք։
Մենք անպայման պետք է բողոքարկենք։ Ինձ թվում է՝ իրենք ակտը չեն կարողանա գրել, որովհետեւ մենք ապացուցելու ենք, որ նման խախտումներ չունենք։ Երկրորդը՝ ես պետք է պահանջեմ, որ իրենք իմ բարի համբավը առանց ակտը գրելու արատավորում են։ Մինչեւ իրենք ակտը չգրեն, օրինական ուժի մեջ չմտնի, ի՞նչ իրավունք ունեն ինձ վարկաբեկելու...»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: