ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Առավոտ.am» -«Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնատարների պաշտոնական լեզուն հայերենն է, բայց, մասնավորապես, սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է ռուսական կողմ, լինի ուղղակի հուշարձանի բացում, թե համատեղ ասուլիս, Դուք խոսում եք ռուսերեն: Պարոն վարչապետ, ինչո՞ւ եք անտեսում «Լեզվի մասին» օրենքի այդ դրույթը: Շնորհակալություն:
Տիգրան Սարգսյան-Խոստանում եմ, որ այսուհետև ավելի ուշադիր կլինեմ այդ հարցի վերաբերյալ: Համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ մեկ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. ձեր հիշատակած միջոցառումից առաջ ես բազմաթիվ հրապարակային ելույթներ եմ ունեցել անգլերեն, և որևիցե մեկը ինձ դիտողություն չի արել, թե ինչու եմ իմ հրապարակային ելույթներն անգլերեն կառուցում: Ես զգում եմ, որ ռուսերենի նկատմամբ կա առանձնահատուկ մոտեցում: Դա օբյեկտիվ է և հասկանալի, որովհետև անգլերենի տարածվածությունը այդքան մեծ չէ մեր հանրության մեջ և կարծես թե անգլերենի իմացությունից վտանգ մեր հասարակությունը չի զգում այն պարագայում, որ Սովետական տարիներին ակնհայտ էր, որ ռուսերենը գերիշխում էր և շատ տեղերում հայերենը զիջել էր իր դիրքերը, և այդ հիշողությունը, իհարկե, պահպանում է զգոնությունը, որ մենք պետք է ուշադիր լինենք մեր մայրենիի նկատմամբ և ես նույնպես ապագայում ավելի ուշադիր կլինեմ այդ հարցին:
-«Ազատություն ռադիոկայան- Պարոն վարչապետ, դեռևս այս տարվա մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել էր, որ եթե 2013-17թթ. ընթացքում ամեն տարվա կտրվածքով կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ձեր կառավարությունը, ձեր գլխավորությամբ, ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն: Այս հարցն այսօր
լրատվական միջոցներում շատ է քննարկվում, տարբեր մեկնաբանությունների,
քաղաքական տարբեր գնահատականների տեղիք է տալիս: Կարծում եմ, առաջին
հերթին հենց հանրապետության նախագահն այս հարցին տվել է իր հստակ
պատասխանը և բացատրությունը: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջև դրել
է ավելի խիստ թիրախային ցուցանիշ: Դրա նպատակն այն է, որպեսզի
կառավարության անդամներն առավելագույնն անեն մեր երկրի տնտեսական աճն
ապահովելու գործում: Եթե ուշադրություն եք դարձրել, այն ցուցանիշները, որ մենք
ներկայացրել ենք Ազգային Ժողովին պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու
ժամանակ, մակրոտնտեսական ցուցանիշները հիմնավորելով, մի փոքր շեղվում են
քաղաքական թիրախից, որովհետև մենք ունենք մի կողմից կոնկրետ ցուցանիշներ,
որոնք միջին ժամկետ ծախսային ծրագրի հիմքում են ընկած, մեր մակրոտնտեսական
ցուցանիշների հիմքում, որոնց հիման վրա մենք մշակում ենք պետական բյուջեն և դա
տնտեսական հարթության մեջ գտնվող վարժություններ են: Մյուս հարթությունը
քաղաքականն է, որտեղ մեր թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի բարձր
քաղաքական թիրախներ: Հասկանալի է, որ այդ թիրախներին հասնելու համար մենք
առավելագույն ջանքեր պետք է գործադրենք և պետք է հետագայում ներկայացնենք
հաշվետվություն, թե որոնք են այդ ցուցանիշներին հասնելու մեր գործադրած
ջանքերը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են այդ
ցուցանիշների վրա և, բնականաբար, այդ հաշվետվությունը մենք կներկայացնենք
նաև հանրությանը. կոնկրետ 2013թ. ցուցանիշը ինչպիսին է լինելու, որոնք են
հիմնական այն ոլորտները, որոնք ապահովել են աճի բարձր ցուցանիշները, որոնք են
այն ոլորտները, որտեղ դեռևս մենք ունենք ավելի վատ ցուցանիշներ. կփորձենք ձեզ
հետ միասին մանրամասն վերլուծել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները,
որոնք խանգարում են կառավարությանը ավելի բարձր տնտեսական աճի
ցուցանիշներ ապահովելու գործում:
«Հ2» հ/ը - Պարոն վարչապետ, շատ է գրվում և խոսվում առկա դժգոհության
մթնոլորտի մասին: Չգիտեմ, որքանով է ճիշտ, խոսում են, թե փոխնախարարի և ավելի ցածր պաշտոնյաների մակարդակով նույնիսկ դժգոհություն կա: Ուզում եմ հասկանալ, արդյոք Հայաստանի կառավարությունը և անձամբ Դուք համակարծիք եք այս տեսակետին. եթե այո, ի՞նչ եք մտածում վստահության վերականգնման ուղղությամբ, որովհետև այդ ֆոնին մի տեսակ արված լավն էլ չի երևում, ստվերվում է: Շնորհակալություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Համաձայն եմ Ձեզ հետ, որ լավատեսությունն այսօր իր տեղը զիջել է, ցավոք սրտի, հոռետեսական գնահատականներին: Այստեղ, կարծում եմ, զանգվածային լրատվության միջոցներն էլ, իհարկե, անելիք ունեն: Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե օբյեկտիվ պատճառները որոնք են, որ ծնում են դժգոհություն: Մենք պարտավոր ենք անկեղծ խոսել առկա արատավոր երևույթների մասին, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք: Եթե իշխանությունը հրապարակային խոստովանում է, որ այդպիսի պրոբլեմներ կան, այդպիսի երևույթներ կան, և այդ երևույթների դեմ պայքարելու միակ ձևը դրանց մասին բացահայտ խոսելն է, դա ամենևին չի նշանակում, որ մեր կյանքում չկան դրական տեղաշարժեր, դրական երևույթներ, որոնք մեր ուշադրությունից վրիպում են: Երկրորդ հանգամանքը կա, որ իրավիճակն այդքան
վատ չէ, որքան ներկայացնում են զանգվածային լրատվության միջոցները: Սա
նշանակում է, որ մենք կոմունիկացիայի խնդիր ունենք, և 2014 թվականին մենք պետք
է երկխոսության ճանապարհով գտնենք այդ խնդիրների լուծման ուղիները: Այս
փաստն արձանագրվեց հերթական հարցումներից հետո, որը մենք եռամսյակը մեկ
անգամ ներկայացնում ենք մեր կայքէջում, և որը դառնում է նաև Ազգային ժողովի
քննարկման առարկա: Հիշում եք, որ մեր ընդդիմախոսները մեջբերումներ են անում այդ հարցումների արդյունքներից, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում կառավարության գործունեության արդյունավետությունը, որ ոլորտներն են նրանք համարում առավել կոռումպացված, որ ոլորտներում ենք մենք ետնահանջ արձանագրում: Այս բոլոր հետազոտության արդյունքները հրապարակային ենք մենք դարձնում: Հենց այդ արդյունքների մեջ էլ արձանագրվել է հետևյալ փաստը. երբ մեր քաղաքացիները գնահատում են իրենց կենսամակարդակը, իրենց տնտեսական վիճակը, իրենց բարեկամների վիճակը ընթացիկ տարում, նրանք արձանագրում են դրական միտումներ: Բայց երբ մեր քաղաքացիներին հարցնում են՝ իսկ ձեր համայնքում, ձեր քաղաքում կամ երկրում ինչպիսի՞ն է վիճակը, ապա գնահատականները միանշանակ բացասական են: Իսկ դա նշանակում է, որ կա խզվածություն: Չի կարող այդպես լինել, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը
գտնում է, որ իր վիճակը լավացել է, բայց երկրի վիճակը՝ վատացել: Սա նշանակում է,
որ մենք կոմունիկացիայի բնագավառում ունենք լրջագույն խնդիր, որ ձեզ հետ պետք
է աշխատենք: Եվ կա երրորդ հանգամանքը, որը բնորոշ է անցումային երկրներին.
մեր քաղաքացիների սպասումները կառավարությունից շատ բարձր են, և երբ մենք
չենք կարողանում բավարարել այդ բարձր սպասումները, բնականաբար, լինում է
հիասթափություն և այդպիսի բացասական տրամադրվածություն: Մեզ բոլորիս
պակասում է լավատեսությունը:
«Ժողովուրդ» օրաթերթ- Շնորհակալություն պարոն վարչապետ ես կուզենայի
իմանալ ռուսական գործընկերների հետ Ձեր բանակցությունները ի՞նչ ավարտ են
ունեցել՝ կապված առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հնարավորության հետ:Հայտնի է, որ կարագը, ձեթը, շաքարավազը, թռչնամիսը առաջիկայում թանկանալու են, ի՞նչ արդյունքներ ունենք, և երկրորդը՝ Դուք կարծես թե հպանցիկ շրջանցեցիք այն հարցը, թե ի՞նչ եք անելու Սերժ Սարգսյանի հրահանգը չկատարելու մասով և Ձմեռ պապից շատ սպասված այս հարցը՝ արդյոք տալու եք հրաժարական, թե՞ ոչ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն հարցի համար: Հրահանգ ասելով նկատի ունեք 7 տոկոսանոց աճը, որ դրված է մեր կառավարության առջև: Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, և բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր բանակցություններին արդեն Մաքսային միության բանակցությունների շրջանակներում, քանի որ մաքսատուրքերի խնդիր
գոյություն ունի, և իսկապես այդ խնդիրն առնչվելու է նաև առաջին անհրաժեշտության
ապրանքների հետ, որոնք Դուք նշեցիք՝ կարագ, ձեթ, շաքարավազ և այլն:
Մոտավորապես այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք
զգայուն: Եվ եթե դուք ծանոթանաք ճանապարհային քարտեզի հետ, որը հաստատված է
արդեն մեր նախագահների կողմից, կտեսնեք, որ այդ ճանապարհային քարտեզում
մատնանշված է միջոցառում, որ մենք պետք է Բելառուսի, Ղազախստանի,
Ռուսաստանի և Եվրասիական հանձնաժողովի հետ ավարտենք բանակցությունները
այդ զգայուն ապրանքատեսակների շուրջ և գանք համաձայնության, թե ինչ ռեժիմներ
ենք սահմանում: Կա մի քանի տարբերակ. ենթադրվում է, որ մենք մայիս ամսին
պատրաստ ունենանք Մաքսային միության անդամակցության պայմանագիրը: Այդ
պայմանագիրն ունենալու է հավելվածներ, որտեղ նկարագրված են լինելու անցումային
դրույթները, այդ թվում նաև հստակ պատասխաններ են տրվելու զգայուն
ապրանքատեսակների վերաբերյալ, թե ինչ մոտեցումներ ենք որդեգրելու:
Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ ասենք մի քանի տարիների ընթացքում
կիրառվելու են հին դրույքաչափերը, որոնք ապագայում սահուն ձևով բարձրացվելու են:
Կարող են առաջարկվել այլ լուծումներ: Միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ ասել, որ
իրականում մեր երկրի տնտեսության վրա, մեր քաղաքացիների վրա սակագների
բարձրացումից որևէ ազդեցություն միանշանակ չի լինելու, որովհետև որոշ ապրանքնատեսակների մաքսային սակագների բարձրացումը կարող է խթանել
ազգային արտադրության աճը՝ օրինակ՝ մսամթերքի, հավի մսի, խոզի մսի ներմուծումը:
Դուք գիտեք, որ Մաքսային միությունը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է
իրականացրել իր ներքին շուկան պաշտպանելու, և այդ ապրանքների մաքսային
տուրքերը վրա բավական բարձր են: Դա նշանակում է, որ շատ ավելի ձեռնտու կլինի
Հայաստանում ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, նույն տավարի մսի արտադրության մեջ, որի գներն այսօր բավական ցածր են: Այդ ոլորտի բիզնեսմենները բողոքում են, որ այդ միսը մրցունակ չէ էժան մսի հետ, որ ներմուծվում է Հնդկաստանից: Այդ առումով նաև այս միջավայրը չի խթանում, որ նոր ներդրումներ լինեն տավարաբուծության, խոզաբուծության բնագավառում: Իսկ մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է, որ մեր արտադրողները պաշտպանված կլինեն էժան ապրանքների ներմուծումից և այդտեղ ձեռնտու կլինի նոր ներդրումներ անել, մեր տեղական արտադրանքի ծավալները կարող են աճել: Իհարկե, դա դրական կողմն է, իսկ բացասական կողմն այն է, որ մաքսատուրքերի բարձրացումը ենթադրում է, որ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ, դրանք նուրբ խնդիրներ են, որ մենք պետք է հունվար-փետրվար ամիսներին բանակցությունների շնորհիվ գանք եզրակացման և ներկայացնենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե ինչ լուծումներ են հնարավոր:
«Մեդիամաքս-Պարոն վարչապետ, ուզում եմ երկու հարց ուղղել Ձեզ։ Առաջինը գազի գնի վերաբերյալ։ Ասացիք, որ սահմանի վրա189 դոլար է դոլար է, համամիտ եմ, որ դա իսկապես լավ, մատչելի գին է։ Բայց չխոսեցիք այն մասին, որ մենք՝ վերջնական սպառողներս, այդ գազը ստանում ենք 156 դրամով և եթե բազմապատկում ես դրամով 1000 խորանարդ մետրով, ապա ստացվում է, որ մենք այն գնում ենք մոտավորապես 390 դոլարով, որը համահունչ է այն գներին, որոնք կան բազմաթիվ եվրոպական և այլ երկրներում։ Այսինքն՝ իրականում մեզ համար դա այնքան էլ էժան չէ։ Կա՞ արդյոք մտադրություն վերանայել այդ գները, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եվ երկրորդ հարցս, որը նաև առնչվում է օլիգարխներին և այդտեղ մատնանշած խնդիրներին կա Փակ շուկայի խնդիրը, այսինքն շատերը կարծում են, որ այդ խնդիրը փակ է մենք շատ երկար ժամանակ հետևել ենք այդ խնդրի հանգուցալուծմանը, և արձանագրել ենք, որ բազմաթիվ պաշտոնյաներ ընդունել են, որ պետությունն անզոր է այս հարցումընդունել են իրենց մեղքը, նշել են, որ այն ինչ որ արվում է, սխալ է, որովհետև, փաստորեն Փակ շուկան գտնվում էր պետության կողմից պահպանվող հուշարձանների
ցանկում։ Աղճատված տեսքով այն այժմ արդեն որպես խանութ է գործում։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը լսել այս խնդրի վերաբերյալ և նաև հասկանալ` ինչո՞ւ այդ պաշտոնյաներից որևէ մեկը, ով նաև ընդունել է սեփական անզորությունը պատասխանատվություն չի կրել այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Համաձայն եմ Ձեզ հետ, որ աղճատված էին
պետական գործառույթները այդ առումով։ Ես ինքս դժգոհ եմ պետական կառավարման
մարմինների աշխատանքից, նրանց աշխատանքը հստակ չէր, հանրությանը մտահոգող
հարցերին հստակ պատասխաններ չէին տրվում, գործառույթներն իրականացվում էին
ժամանակի ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ պետական գերատեսչության
կողմից խնդիրը բարդել մեկ այլ գերատեսչության վրա, և, համաձայն եմ Ձեզ հետ, որ
այստեղ մենք ունենք բացեր։ Դասեր պետք է քաղենք նաև օրենսդրական կարգավորման
մի մեծ փաթեթ ենք պատրաստել։ Այդ փաթեթը քննարկվել է ինձ մոտ։ Խոսքը
վերաբերում է կառուցապատման կանոններին, պատասխանատվության
հստակեցմանը, խստացումներին, որպեսզի մենք կարողանանք պահպանել Երևանի
փոքր կենտրոնի ճարտարապետական դեմքը և այն մշակութային ժառանգությունը, որ
ունենք։ Շուտով մենք այդ փաթեթը կներկայացնենք հանրության դատին և կսկսենք
հրապարակային քննարկում, որ ապագայում նման դեպքեր չունենանք։
Անդրադառնալով առաջին հարցին. սահմանի վրա մենք գազը ձեռք ենք բերում
189 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, ՀՀ սպառողին այն հասնում է 310 դոլարով։
Միջինացված գինը դա է, որովհետև քաղաքացիները ստանում են Ձեր նշած գումարով,
բայց տնտեսավարող սուբյեկտները ստանում են ավելի էժան։ Այսինքն, քաղաքացիների
վրա դա նստում 340, տնտեսավարող սուբյեկտների վրա՝ 270։ Միջինացվածը 310
դոլարն է։ Համաձայն եմ Ձեզ հետ, որ 310 դոլարն էլ բավականին բարձր գին է գազի
համար։ Դրա կառուցվածքը, Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը ներկայացրել է և՛ հանրությանը և՛խորհրդարանում մի քանի անգամ
լսումների ժամանակ։ Այդ տարբերությունն առաջին հերթին ներառում է
«ՀայՌուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 60 դոլար։ Երկրորդը
կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 11 դոլար, երրորդ բաղադրիչը
ավելացված արժեքի հարկն է, որը կազմում է 50 դոլար, և սրանք հիմնական այն
հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը։ Գաղտնիքը, որը կարող
է մեզ օգնել նվազեցնել գազի գինը այն է, որ գազի սպառման ծավալները եթե ավելանան,
բնականաբար այդ ծախսերի տեսակարար կշիռը էապես կնվազի և գազի գինը
սպառողների համար կարող է նվազել։ Դրա համար, եթե լինեն նոր, մեծածավալ
ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես «Նաիրիտի»
գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց
իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման
ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ Բայց միևնույն ժամանակ
ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ սոցիալապես խոցելի խավերի համար մենք սուբսիդավորել ենք գազի գինը, որպեսզի գազը նրանց ընտանեկան բյուջեների վրա լրացուցիչ ծախս
չլինի: Մենք ունենք նաև հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այս
ծրագիրը շարունակելու ենք և 2014 թվականին, որպեսզի գազի թանկացումը
սոցիալապես խոցելի խավերի վրա բացասաբար չանդրադառնա։
Առավոտ օրաթերթ- Դուք երկու տարի առաջ դեմ էիք Մաքսային միությանը, իսկ հիմա Ձեր տեսակետը փոխվել է: Ինչո՞վ է պայմանավորված այն:
Տիգրան Սարգսյան -Ընդհանրապես ես նույնպես մարդ եմ, ես նույնպես կարող եմ սխալվել իմ գնահատականներում, պատասխաններում, բայց ինչ վերաբերում է Մաքսային միության անդամակցելու գնահատականներին, ապա իրավիճակը հետևյալն է, որ 3 տարի առաջ մեր ընդհանուր ընկալումը կայանում էր նրանում, որ նպատակահարամար չէ ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային միությանը և այդ գնահատականը կասկածի տակ չէր դրվում և մեր բոլորի մոտ կար այդ ընդհանուր ընկալումը, որովհետև Մաքսային միության ձևավորումը եղել է մեր աչքի առջև, մեր բոլորի ընկալումը կայանում էր նրանում, որ միասնական տարածքի բացակայությունը լուրջ խոչընդոտ է Մաքսային միության անդամակլցելու առումով, և այդ առումով մենք գտնում էինք, որ նպատակահարմար չէ:Ես հիմա կպատմեմ թե ինչպես տեղի ունեցավ այդ տեսակետի փոփոխությունը:
Մեր հիմնական գործընկերոջ հետ մեր տնտեսական հարաբերություններում ամեն տարի մենք հանդիպում ենք լուրջ խոչընդոտների, որովհետև Ռուսաստանը դառնալով Մաքսային միության անդամ, ստիպված էր ՀՀ-ի նկատմամբ կիրառել այն նույն խաղի կանոնները, որոնք նրանք ստեղծում էին Մաքսային միության հետ միասին և երեք տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոփոխվեց, որը և դարձավ մեր նախագահների քննարկման առարկա և մենք մեր ռուս գործընկերներին ասացինք, որ չենք կարող նույն ռեժիմով շարունակել մեր հարաբերությունները, խնդրում ենք, որպեսզի ռեժիմները փոխվեն Հայաստանի համար, դրա համար ստեղծվեց աշխատանքային խումբ:
Այդ բոլոր քննարկումների արդյունքում մենք գտանք, որ տնտեսապես ձևը, որով մենք կարող ենք լուծել այդ խնդիրները մեր տնտեսության համար, այն էր Մաքսային միության անդամակցելը, ստանալով լրացուցիչ օժանդակություն, որը հաշվի է առնում տնտեսական սահմանի բացակայությունը: