Մենք այսօր գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ոչ մի կրթություն չեն ստացել, և զբաղված են միայն ուրիշներին քննադատելով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան հեռահար հակամարտությանը, նման տեսակետ արտահայտեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: 

«Ակնհայտ է, որ տարեվերջին Քոչարյանը հայտ ներկայացրեց, որ ուզում է վերադառնալ և քայլեր է անում, բայց քանի որ գիտելիքները բավարար չէին խորը վերլուծություններ անելու համար, նա սկսեց քննադատել մյուսներին», - նշեց նա, հավելելով, որ հեռակա պոլիտեխնիկ ավարտած մարդը չի կարող հստակ պատկերացնել, թե ինչ բան է համաշխարայնացման գործընթացները:

Նա նշեց, որ Քոչարյանը խոսում է մակերեսային խնդիրների մասին և չի անդրադառնում, օրինակ Ռուսաստանի կողմից Սմերչի վաճառքին ադրբեջանական կողմին:

«Հոկտեմբերի 27 ենք տեսել, մարտի 1 ենք տեսել և ի՞նչ, պետք է գան մարդկանց ապուշի տեղ դնե՞ն: Ցավալին այնն է, որ նույնիսկ մարդիկ, որոնք եղել են ակունքներում, որոնք գիտեն, թե ինչ բան է սմերչ և թե ինչերի կարող է հանգեցնել դրա կիրառումը, ոչ մի խոսք չեն արտահայտում դրա մասին: Հարգելի Քոչարյան ինչու՞ մի բառ չես ասում սմերչը վաճառելու մասին, հնարավոր պատերազմի մասին», - նշեց նա:

Անդրադառնալով Քոչարյանի վերադարձի մասին տարածված լուրերին, Սադոյանը նշեց, որ չի կարելի այդ աստիճան իջնել և մտածել, թե Մեդվեդև-Պուտին տարբերակը կարելի է օգտագործել:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանը չի սկսել այս հակամարտությունը, նա նշեց. «Տիգրան Սարգսյանի դարդ ու ցավը պրծե՞լ է, որ ինչ-որ բան սկսի»:

Սադոյանը նաև նշեց, որ դեմ է, երբ վարչապետը կողմ է խոսում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, սակայն չի կարող չնշել նրանց կրթվածության և զարգացվածության մակարդակների տարբերությունը:

«Դեգրադացիա էն աստիճանի ես հասել, որ Ղարաբաղի մասին էլ չես ուզում խոսե՞լ: Դա հոգեբանական դեգրադացիա է, փողի մոլուցք, որ չի ուզում իր բիզնեսները փակվի», - անդրադառնալով արդեն Քոչարյանին՝ եզրափակեց Սադոյանը: