«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հիշեց 2008թ մարտի 1-ին զոհված 10 սպանվածների անունները:
«Խոնհարվում և երդվում ենք, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ ասուլիսից հետո հանրահավաքի մասնակիցները լուռ կշարժվեն դեպի Միասնիկյան արձան` հարգելուլ նրանց հիշատակը:
«Ամեն մեկը թող յուրովի իր մեջ վերլուծի, թե ինչ եղավ, որ մեր հողում, մայրաքաղաքում նման ոճրագործություն տեղի ունեցավ: Մարտի 1-ի կրկնությունը թույլ չեմ տալու, իսկ ով կազմակերպեց պետք է պատասխանատվություն կրի»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը տեղյակ է Ազատության հրապարակի հարթակում հնչող ելույթ ունեցողների տեքստին և արդյո՞ք կիսում է երեկ Ռուբեն Հախվերդյանի հնչեցրած արտահայտության հետ, Րաֆֆի հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ կիսում Ռուբեն Հախվերդյանի՝ երեկ Ազատության հրապարակում արտահայտած տեսակետը: Ես գրաքաննությանը դեմ եմ և սա Ազատության հրապարակն է: Ես նախապես չեմ ծանոթանում մնարդկանց ելույթի տեքստին, բայց այդ մարդն ունի իր տեսակետը»:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանն իր ելույթում Արցախն անվանեց «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը»:
Սահմանադրական դատարան դիմելու որոշումը Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կքննարկի հանրության հետ և կիրակի օրը կհայտնի իր վերջնական որոշումը: