ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սիրիայի հարցերին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Սիրիային վերաբերող հարցերում ինձ մոտ ոչ միայն բանական միտքն է շարժվում, այլև զգացմունքայինը: Վերջիվերջո ծնվել և մեծացել եմ այնտեղ, սիրում եմ երկիրը, ցավում եմ նրա ողբերգության համար: Խիստ մտահոգ եմ նաև այնտեղ ապրող հայերի անվտանգության և Սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի դատարկման հեռանկարի համար:
Երբ սիրիական հակամարտությունը թեժացավ, և հայ համայնքի վիճակը սկսեց բարդանալ, հատկապես՝ Հալեպում, ես ասում էի, որ այն, ինչ հնարավոր էր անել նրանց՝ Հայաստանում ապաստան տալու, կեցություն ապահովելու և թեկուզ չնչին օգնություն ապահովելու հարցում, Հայաստանի պետությունն իր հնարավորության սահմաններում արել է:
Միաժամանակ քննադատել եմ մեր դիվանագիտությանը, որ այս հարցում երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ առումներով անտարբերություն է ցուցաբերել և որևէ ներգրավվածություն չի ունեցել:
Ահավասիկ, հունվարի 22-ին Սիրիայի հարցով շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի կունենան այսպես կոչված Ժնև-2 բանակցությունները: Նայում եմ մասնակից երկրների ցուցակը: Ի լրումն հակամարտող կողմերի՝ բանակցություններին մասնակցում է 39 երկիր: Երկրներ, որոնք այս կամ այն չափով առնչություն ունեն խնդրին, բնականաբար՝ Սիրիայի բոլոր հարևանները, արաբական մի շարք երկրներ, միջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր: Ուշագրավ է, որ այնտեղ են նաև Սիրիայից աշխարհագրորեն և ոչ միայն աշխարհագրորեն այնպիսի հեռու պետություններ, ինչպիսիք են Մեքսիկան, Լյուքսեմբուրգը, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան և շատ ուրիշներ:
Հանդիպմանը մասնակցում է նաև Վատիկանը, որը, համոզված եմ, ներկա է, քանի որ պարտավորված է զգում պաշտպանելու Սիրիայի կաթոլիկ համայնքի շահերը:
Հայաստանը ցուցակում չկա: Հարց է ծագում՝ ինչու, երբ մենք կրում ենք այս հակամարտության անմիջական ազդեցությունը. Հայաստանում ապաստան են գտել Սիրիայի շուրջ 15 հազար հայ քաղաքացիներ, այնտեղ դեռ հայկական ստվար համայնք կա, որի ֆիզիկական գոյությունն անմիջական սպառնալիքի տակ է, հատկապես՝ հայաշատ Հալեպում և շրջակայքում, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում:
Հայերը Սիրիայի բոլոր փոքրամասնություններից միակն են, որոնք իրենց թիկունքում ունեն մայր պետություն: Այսօրվա հրամայականն է, որ Հայաստանը ներկա լինի ժնևյան բանակցություններին՝ անկախ դրա արդյունքից, որպեսզի առնվազն առաջին ձեռքից տեղյակ լինի և անհրաժեշտության դեպքում պաշտպանի հայության շահերը»: