Ադրբեջանի հետ Արցախի պետական սահմանին թշնամին հերթական դիվերսիոն հարձակում է իրականացրել, և զոհեր ու վիրավորներ տալով դիմել փախուստի:
Տվյալ դեպքում աչքի է ընկնում մեր դիրքապահների պատրաստվածության բարձր մակարդակը, որի մասին այսօր պետք է բարձրաձայնել: Դիրքապահները արագ և ճիշտ են կողմնորոշվել բարդ մարտական իրավիճակում, խուճապի չեն մատնվել և կատարել են իրենց մարտական խնդիրը: Իսկ դա հնարավոր է եղել հետևողական պարապմունքների շնորհիվ: Մենք հաճախ ենք ասում, որ մեր բանակը մարտունակ է. ահա և ասվածի առարկայական ապացույցը:
          Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ հակադիվերսիոն պաշտպանության համակարգը, որ ստեղծվել է պետական սահմանին կատարել է իր դերը: Այդ համակարգի ձևավորման ու կատարելագործման ընթացքը եղել և մնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում, որովհետև այն պետական սահմանը, մեր հենակետերը դարձնում է թշնամու համար անմատչելի: Այդ համակարգի շնորհիվ է, որ մեր դիրքապահները ժամանակին նկատել են թշնամու դիվերսիոն խմբին: Այդ համակարգի շնորհիվ է, որ դյուրին է դարձել թշնամու դիվերսիոն խմբի առաջխաղացման կասեցումը: Թշնամու զգալի կորուստները նույնպես պայմանավորված են այդ համակարգի գոյությամբ:
         Անձնակազմի պատրաստվածության հենց այս մակարդակն ի նկատի ունի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երբ բանակի զարգացման, բանակային շինարարության ամենատարբեր խնդիրների լուծման հիմքում դնում է փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը: Այս օրերին այդ սկզբունքի պիտանելիությունն ապացուցվեց գործնականում: Բայց քանի որ թշնամուն թերագնահատել չի կարելի, ուրեմն՝ չի կարելի նաև բավարարվել եղած արդյունքներով: