ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մականախաղի (խոտի հոկեյ) ''Այրուձի'' ակումբի թիմին, որը փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:
Շնորհավորելով հանդիպմանը ներկա մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, նախարարը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները: Նախարարի խոսքերով մականախաղը, մյուս խաղային մարզաձևերի նման, նպաստում է սպորտի մասսայականացմանն ուղղված նախարարության որդեգրած քաղաքականության իրագործմանը: ''Կրկնակի ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մարզաձևը նաև լավ մարզական արդյունքներ է գրանցում: Հաղթանակ և մարզական ձեռքբերումներ գրանցող թե մարզիկ և թե թիմ անպայման արժանանալու է մեր հատուկ ուշադրությանը և աջակցությանը'',-ասել է Հ. Ռոստոմյանը:
''Ձեր հաջող ելույթը եվրոպական մրցաշարում կոտրեց այն կարծրատիպը, թե հայ մարզիկներն ավելի հաջող են հանդես գալիս մենապայքարային մարզաձևերում: Դուք ապացուցեցիք հակառակը և մեծ ուրախություն պարգևեցիքմեր մարզասերներին'',- ասել է նախարարը:
Հանդիպման վերջում Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նախարարին, որպես հուշանվեր, հանձնեց թիմին տրված արծաթե մեդալներից մեկը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարին, որին մասնակցել են ութ երկրների ուժեղագույն թիմեր՝ Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից և Սերբիայից, հայ մականորդները զիջել են միայն աշխարհի էքսչեմպիոն Լեհաստանի թիմին և արժանացել արծաթե մեդալների: