Ամանորյա ու սուրբծննդյան տոները Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անցկացրեց ԱՄՆ-ում՝ ընտանիքի հետ, ուր մեկնել էր փոքր ինչ ավելի վաղ՝ վիրահատվելու: Ռուսական championat.com կայքի թղթակիցն ԱՄՆ-ում հյուրընկալվել է Մովսիսյանների ընտանիքին հարցազրույց անցկացրել Յուրայի ծնողների՝ Սերգեյի ու Աիդայի հետ:
Կայքը գրում է. «Մեկ թեմա կա, որը Մովսիսյանի և նրա ծնողների համար բացարձակ տաբու է: Բաքու: Ակնհայտ է, թե որքան ապրումներ է ունեցել այդ ընտանիքը 80-ականների վերջին և 90-ականների սկզբին այնտեղից փախչելիս: Հայտնում են միայն, որ ստիպված էին այնտեղ թողնել ամեն ինչ, ընդհանրապես ամեն ինչ: Իսկ հետո. «Լավ է, որ երեխաները ոչինչ չէին հասկանում և չեն հիշում: Եկեք չհիշենք դա»:
Դաստիարակության ու մարզվածության մասին…
Սերգեյ
-Երբ 90-ականների Ռուսաստանում էինք ապրում՝ Ռոստովում ու Մոսկվայում, ձմռանը -20 սառնամանիքին կիրակի օրը վաղ առավոտյան արթնացնում էի յուրային ու մեծ որդուս՝ Մովսեսին. «Գնացինք մարզման»: Էական չէր, թե որքան ցուրտ է. դուրս արի ու վազի: Ես նրանց կոշտ եմ դաստիարակել, շատ բան պահանջել: Ռուսաստանում էր այդպես, Ամերիկայում այդպես շարունակվել: Նա միշտ էլ համառ բնավորութուն է ունեցել: Ու ես զգում էի, որ նա ուզում է ֆուտբոլիստ դառնալ: Տանն էլ գնդակի հետ էր քնում…
Աիդա
-Անգամ աղբը թափելիս էր գնդակով դուրս գալիս..
Մովսիսյանի մանկության մասին
Սերգեյ
Յուրան 12 տարեկանում հայկական խանութում բեռնակիր էր աշխատում: Մեծ եղբոր հետ միասին: Շատ ծանր էինք ապրում, երբ եկանք ԱՄՆ: Մովսեսն, ի դեպ, նույնպես խաղում էր ու մարզվում, կարող էր ֆուտբոլիստ դառնալ: Սակայն պետք էր ամեն օր մարզման գնալ, իսկ նրանք աշխատում էին: Ու մի պահ որոշեցինք, որ Յուրան շարունակի մարզումներին գնալ, իսկ մեծն էլ շարունակի աշխատել, օգնել ընտանիքին:
Յուրան 3-4 ամիս այդպես աշխատեց` օրական 6 ժամ: Նա անգամ դպրոց դրա պատճառով չէր կարողանում գնալ: Մենք դեկտեմբերին եկանք, իսկ նա միայն օգոստոսին սկսեց սովորել: Ծանրություններ էր քարշ տալիս, մթերք բեռնում: Դա մթերային խանութ էր: Ու տղաներն այն ժամանակ լա՜վ օգնեցին ընտանիքին:
Եթե ֆուտբոլում չստացվեր…
Երևի ավտոմեխանիկ կդառնար, ինչպես ես,- ասում է Մովսիսյան-ավագը:
Բայց եթե նրան հիմա «Բարսելոնայից» էլ հրավիրեն, նա այնտեղ կկարողանա խաղալ: Նա ոչ միայն կարող է՝ նա պատրաստ է խաղալ ցանկացած թիմում: Դժվար կլինի առավելագույնը 2-3 ամիս: Ես միշտ նրան ասում եմ. «Դու նույնպիսի մարդ ես, ինչպես ցանկացած այլ մեկը՝ լինի դա Մեսսին, թե Ռոնալդու»:
Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու մասին
Սերգեյ
Դա նրա սեփական որոշումն էր: Թեև ինձ հետ խորհրդակցեց: Ես էլ, իհարկե, նրան աջակցեցի, բայց ասացի. «Եթե դու գնաս այնտեղ, ապա պիտի հասկանաս մի քանի բան: Եթե դու խաղաս Ամերիկայի համար, կարող ես աշխարհի առաջնությունում խաղալ: Իսկ Հայաստանի դեպքում հնարավորությունները շատ փոքր են»: Բացի այդ, երբ այստեղ ես ապրում, բարդ է հրաժարվելը: Նա հստակ որոշեց:
Աիդա
Դա մեծ պատիվ է: Չէ՞ որ նա հայ է: